Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց

Ղազախստանում ինտերնետ կապը ամբողջովին անջատվեց, այս մասին հայտնում է GlobalCheck արգելափակումների մոնիթորինգային ծառայությունը, որի տվյալներով՝ ինտերնետ կապը չի աշխատում ինչպես բջջային, այնպես էլ լարային օպերատորների համար։

Ղազախստանում ինտերնետի ամբողջական արգելափակումը հաստատում է բրիտանական NetBlocks ընկերությունը, որը վերահսկում է ինտերնետի վիճակը ամբողջ աշխարհում: Ղազախստանի մի շարք կայքեր, այդ թվում՝ հանրապետությունում հայտնի զանգվածային լրատվամիջոցները, ներկայումս անհասանելի են։

Ըստ ռուսական ՏԱՍՍ-ի` անջատվել է նաև հեռախոսակապը:

Ղազախստանում հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ երեք օր առաջ բռնկված բողոքի ակցիան վերածվել է զանգվածային ցույցերի ողջ երկրով մեկ՝ հանգեցնելով կառավարության հրաժարականի։ Ցույցերն ուղեկցվում են ոստիկանների հետ բախումներով, հաղորդվում է հարյուրավոր ձերբակալվածների մասին: Զոհերի և վիրավորների մասին մինչ այս պահը տեղեկություններ չկան: