Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երեկ չեղարկել է մամուլի ասուլիսը, որ ծրագրել էր հունվարի 6-ին՝ Կոնգրեսի շենքի՝ Կապիտոլիումի վրա իր կողմնակիցների հարձակման տարելիցի օրը։
Հայտարարության մեջ ասված է, որ Թրամփը ծրագրում է պատասխանել հարցերին հունվարի 15-ին Կապիտոլիումի գրոհի տարելիցի հետ կապված Արիզոնայում իր հանրահավաքին ընդառաջ մամուլի ասուլիսում։
Թրամփի հազարավոր կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիում 2021 թվականի հունվարի 6-ին, ինչը Կոնգրեսի շենքի վրա ամենամեծ հարձակումն էր 1812 թվականի Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի միջև պատերազմից հետո: Նրանք պնդում էին, որ 2020-ի նոյեմբերին անցկացված նախագահական ընտրություններում Թրամփի պարտությունը կեղծիքի արդյունք է, փորձում էին թույլ չտալ օրենսդիրներին հաստատել Ջո Բայդենի հաղթանակը:
Կապիտոլիումում ոստիկաններից մեկը մահացել է հարձակման հաջորդ օրը, իսկ չորս այլ ոստիկաններ ավելի ուշ ինքնասպան են եղել։ Բացի այդ, հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությունների 4 մասնակից է զոհվել, մոտ 140 ոստիկան վիրավորվել է։ Ավելի քան 700 մարդ մեղադրվել է հարձակմանը մասնակցության մեջ։
Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգությունները հանգեցրին Դոնալդ Թրամփի երկրորդ իմփիչմենթին, և բազմաթիվ հետաքննություններ հարուցվեցին:
Ներկայացուցիչների պալատի հետաքննող հանձնաժողովը ներկայումս փորձում է կանչել Fox News-ի հայտնի հաղորդավար Շոն Հանիթիին, ով 2021-ի հունվարի 6-ին հաղորդագրություն էր ուղարկել Թրամփին, նրա օգնականներին և փաստաբաններին: