Բրիտանացի գիտնական Էնդրյու Փոլարդն, ով ղեկավարել է կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութի փորձարկման աշխատանքը, համոզված է, որ համավարակի վատթարագույն ժամանակաշրջանն արդեն անցյալում է:
«Ամենավատն անշուշտ անցել է, հիմա պետք է հաղթահարել այս ձմեռը, կգա ժամանակ, երբ հասարակությունը պետք է բացվի, բայց սահմանափակումները չի կարելի թուլացնել ձմռան ամիսներին»,- ասել է գիտնականը:
Փոլարդի փոխանցմամբ, հետագայում հնարավոր կլինի համավարակի դեմ պայքարել ոչ թե վերավակցինավորման կամ կարանտինի եղանակով, այլ առավել խոցելի բնակիչներին պաշտպանելով:
Նա չի կարծում, թե հնարավոր է անվերջ շարունակել պատվաստումները և նոր դեղաչափեր ներարկել:
«Չի կարելի ամեն 4 կամ 6 ամիսը մեկ վակցինա ներարկել, դա անհնարին է նաև ֆինանսական առումով»,- ասել է գիտնականը:
Նա ընդգծել է, որ հարկ է պայքարել կորոնավիրուսի և պատվաստանյութերի թեմայով կեղծ, ապակողմնորոշող տեղեկատվության տարափի դեմ:
«Դեզինֆորմացիան կոնկրետ վտանգ է ստեղծում մարդկանց առողջության համար, դրա մի մասը տարածում են վակցինացիայի դեմ պայքարողները, մյուս մասը ոչ միտումնավոր տարածում են անզգույշ մեկնաբանություններով հանդես եկող քաղաքական գործիչները»,- ասել է Էնդրյու Փոլարդը: