2021-ին միայն քովիդը Հայաստանում ավելի քան 5000 մարդու կյանք խլեց, հազարավորները ընկան վերակենդանացման բաժանմունքներ, բժիշկները ամիսներ շարունակ աշխատեցին առանց հերթափոխի: Ընդհանուր առմամբ, վարակի դեմ պայքարի համար բյուջեից ծախսվեց ավելի քան 25 մլրդ դրամ կամ ավելի քան 51 մլն դոլար:
Մի խումբ փորձագետներ կարծում են՝ այս ցուցանիշներն ավելի ցածր կլինեին, եթե պատվաստումների գործընթացը սկսվեր ավելի շուտ, իրականացվեր ավելի արագ ու արդյունավետ:
Օգոստոսից Հայաստան հասավ նաև վարակի նոր` «դելտա» շտամը: Ավելի արագ տարածվող այդ տարբերակը հիվանդացության նոր ալիք բերեց, մահվան թվերը սկսեցին կտրուկ ավելանալ, ընդ որում`թիրախում հայտնվեցին նաև երիտասարդները, որոնք նույնիսկ ուղեկցող հիվանդություններ չունեին։
Հայաստանում պատվաստումային գործընթացը մեկնարկեց ապրիլի 13-ից։ Սկզբում հայաստանցիներից քչերն էին շտապում պատվաստվել, փոխարենը դրա համար օրուգիշեր հերթեր էին պահում զբոսաշրջիկները՝ հիմնականում Իրանից։
Ամիսներ շարունակ Հայաստանը պատվաստումների ցուցանիշով ամենավերջիններից էր եվրոպական երկրների ցանկում: Հարցը պարբերաբար հայտնվում էր քննադատության թիրախում, այդ թվում`ամենաբարձր մակարդակով:
Տարեվերջին խստացումների մի քանի ալիքներից հետո պատվաստումների ցուցանիշը հասավ 24.5 տոկոսի: Սա դեռ շատ հեռու է համընդհանուր իմունիտետի համար անհրաժեշտ 70-90 տոկոսից: Դրան հասնելու և պատվաստումների գործընթացը խթանելու համար կառավարությունը չի բացառում, որ կարող է գնալ նոր քայլերի:
Your browser doesn’t support HTML5