«Ես պետությանն օգնում եմ, ոչ թե որ իրենց {պաշտոնյաներին-խմբ.} փոխեմ, այլ իրենց հիշեցնեմ, որ իրենք պետք է սրա վրա ուշադրություն դարձնեն, սա փոխեն», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասում է քաղաքացիական և բնապահպանական բողոքի մեծաթիվ ակցիաների մասնակից, կինոյի և թատրոնի դերասան, հաղորդավար Անի Խաչիկյանը: Վերջինս նշում է` իր ուշադրությունը երկրի համար այս ծանր շրջանում փորձում է պահել այն կետերի վրա, որոնք իսկապես կարող է ինքը փոխել, ոչ թե աշխարհաքաղաքական հարցերի:
Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.
«Երկրի ճակատագիր է, որի լուծումը, ուղին, ճանապարհը ես ինքս չգիտեմ, չգիտեմ` որն է ճիշտ»
«Մյուսների տեղը չեմ կարող խոսել, ես Անին եմ, քաղաքացի եմ, որը հստակ քաղաքացիական դիրքորոշում է ունեցել ըստ իրավիճակների ու վարվել է ըստ իր աշխարհընկալման, խղճի ու սկզբունքների: Ինչ վերաբերում է հիմային, հիմա այնպիսի մի բան չէ, որին ես ինքս կարողանում եմ ռեալ, ադեկվատ ու ամբողջական պատասխան տալ կամ լուծում գտնել իմ մեջ», - «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց Անի Խաչիկյանը` պատասխանելով մի խումբ օգտատերերի հարցերին, թե ինչու հիմա, երբ հետպատերազմյան իրավիճակում առկա են բազում խնդիրներ, հանդես չի գալիս ինչ-որ նախաձեռնությունների շրջանակներում:
Անի Խաչիկյանը նկատեց` բոլոր քաղաքացիական ակտիվ նախաձեռնություններին, գործողություններին, որոնց մասնակցել է, միշտ իր համար կարևորել է, որ քաղաքականության հետ չկապվի, թեկուզ, ինչպես ինքը նշեց` եզրերը շատ նուրբ են, և շատ դժվար է «այդ ամեն ինչի մեջ գործիք չլինելը»:
«Ես ինքս էլ շատ ժամանակ ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես այստեղ գործիք էի ուղղակի: Բոլոր դեպքերում է եղել, նման շարժումները բոլորն էլ ուղղորդվում են, ուղղակի միշտ չի, որ դու կարողանում ես դա գիտակցել, հասկանալ ու բռնել այն ծայրը, որից դա ուղղորդվում է: Ես միշտ համարել եմ, որ ես եղել եմ իմ տեղում, և ինձ համար կարևոր է եղել, որ դա լինի քաղաքացիական պահանջ առ որևէ խնդիր:
Հիմա դա Թեղուտ չի, էլեկտրաէներգիայի թանկացում չի, դա երկրի ճակատագիր է, որի լուծումը, ուղին, ճանապարհը ես ինքս չգիտեմ, չգիտեմ` որն է ճիշտ», - հավելեց դերասանուհին:
«Ես միշտ նկատել եմ բացերը»
«Նման բան չկա, ես երբեք չեմ եղել իշխանամետ: Ես հեղափոխության ամենաակտիվ մասնակիցներից մեկն եմ թերևս, բայց հեղափոխության հենց հաջորդ օրը ես գրել եմ մեծ շնորհակալություն հեղափոխության կազմակերպիչներին ու վերջում գրել եմ` ես նորից մնում եմ ընդդիմադիր, ու ես միշտ նկատել եմ բացերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել, ու որոնք պետք է լրացնել», - նշեց բանախոսը` պատասխանելով դիտարկումներին, թե իշխանամետ գործունեություն է ծավալում հեղափոխությունից հետո:
Նա հիշեցրեց Ամուլսարի բացման վերաբերյալ իր հայտարարությունները ևս:
Հ1-ում աշխատելու մասին
Հեղափոխությունից հետո էլ եմ խոսել այս իշխանությունների արած թերացումների մասին, իսկ ինչ վերաբերում է պատերազմին, դա միասնական պայքար պիտի լինի, շեշտեց Անի Խաչիկյանը` անդրադառնալով պատերազմի ժամանակ իր գրառումներին:
Հարցին, թե Հանրային ՀԸ-ում, որտեղ հաղորդումներ է վարում, սահմանափակումներ կա՞ն, հնարավորություն կա՞ ազատ արտահայտվելու, նա պատասխանեց. «Ես չեմ հանդիպել, ու ինձ նման բան չի կարող հանդիպել: Երբ ես 7 տարի առաջ աշխատում էի «Արմենիա»-ում, ու այն ժամանակ իշխանությունն ուրիշ էր, ու ես մեկ է` մասնակցում էի տարբեր նախաձեռնությունների: Ոչ մի նման խոսակցություն ինձ հետ չի եղել, ու եթե լինի էլ, անիմաստ է լինելու»:
«Ես չեմ հավատում, որ հնարավոր է ադրբեջանցիների հետ, այն էլ մշակութային մասում, երկխոսել»
Խոսելով հայ-ադրբեջանական մշակութային գործիչների երկխոսության մասին` նա նշեց` չի ընկալում, չգիտի` ինչպես կարելի է ադրբեջանցիների հետ հարաբերվել. «Ու եթե մեր մշակութային գործիչները տարբեր առիթներով գնում են հյուրախաղերի, հանդիպում են ադրբեջանցիների տարբեր չեզոք երկրներում, ու իրենց մեջ չի ստացվում այդ շփումն, ու այդ լարումը կա, հաջորդ քայլ անելու մասին խոսքն ինձ համար արհեստական է:
Ես չեմ կարող որևէ կերպ վերաբերվել, որովհետև չգիտեմ, թե դա ինչի համար է: Ես ուզում եմ հասկանալ` կա՞ ինչ-որ ճանապարհային ուղեցույց, քայլերի հաջորդականություն, նպատակ-վերջնակետ, որը ավելի ոչ վերացական ձևակերպում ունի: Ես չեմ հավատում, որ հնարավոր է ադրբեջանցիների հետ, այն էլ մշակութային մասում, երկխոսել, որովհետև իրենց ամբողջ մշակույթը հիմնված է մեր մշակույթի վրա»: