Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում գտնվող խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է AFP գործակալությունը։
Ականատեսների վկայությամբ՝ խորհրդարանի շենքի վրայից ծուխ է բարձրանում։ «Տանիքն այրվում է, այրվում է նաև Ազգային ժողովի շենքը [ստորին պալատը]»,- գործակալությանը հայտնել է քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ Նրանք օգնություն են խնդրել հրդեհը մարելու համար։
Ավելի ուշ հրդեհը մեկուսացվել է, ասել է Հարավային Աֆրիկայի հանրային աշխատանքների և ենթակառուցվածքների նախարար Պատրիսիա Դե Լիլը: «Հրշեջներին հաջողվել է իրավիճակը վերահսկողության տակ առնել, հրդեհը տեղայնացվել է», - նշել է նա։
Շենքի որոշ պատերում ճաքեր են առաջացել, փլուզման հավանականություն կա, հավելել է քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավար Ջերմեյն Կարելսը:
Իշխանությունները դեռ չեն նշում ոչ հրդեհի պատճառները, ոչ էլ հնարավոր վնասները։ Տվյալներ չկան նաև տուժածների մասին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհ է բռնկվել երրորդ հարկի գրասենյակներից մեկում։