Փաշինյան․ 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի 

2022-ին Հայաստանի պետական քաղաքականության նպատակը վերածնունդն է՝ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ հանդես գալով շնորհավորական ուղերձով երեկ երեկոյան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունը պետք է դառնա երկրի վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը։

Նշելով, որ 2022թ. հունվարի 1-ից կառավարությունը պատերազմում զոհվածների ընտանիքներում վերարտադրողական պետական ծրագիր է սկսում, ինչպես նաև՝ մեկնարկում է պետական աջակցության մեկ այլ ծրագիրը, ըստ որի նոր ծնվող երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ՝ Փաշինյանն ընդգծեց. «Վերածնունդը պետական քաղաքականություն է, և 2022-ի նշանաբանը հենց Վերածնունդը պիտի լինի: Հույս ունեմ, որ մեր բազմաթիվ ընտանիքներում հարազատ, ընկեր, բարեկամ, նույնիսկ ծանոթ ու անծանոթ նահատակների անունները կրող զավակներ կծնվեն 2022-ին: Մեր հայրենիքի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականության հաջողությունն է ապագայի նկատմամբ հավատն ամրապնդելու միջոցը ու որքան էլ գիտակցում ենք, որ դա միայն մեզնից չէ կախված, հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»:

«Դժվար տարի» անվանելով անցած 2021 թվականը, որի ժամանակ «երբեմն թվում էր, թե ետպատերազմական հուզումները կդառնան անկառավարելի, կվերածվեն քաոսի եւ քաղաքացիական բախումների»՝ միաժամանակ, Փաշինյանի խոսքով, անցած տարին Հայաստանի կենսունակության ապացույց դարձավ, քանզի գործընթացները վերադարձան լիարժեք քաղաքական հուն՝ Հայաստանի քաղաքացիներին ազատ կամարտահայտմամբ որոշումներ կայացնելու հնարավորություն ընձեռելով:

«Մեր խնդիրն է՝ ժողովրդավարությունը, ժողովրդավարական համարումը դարձնել իրական գործոն մեր երկրի անվտանգության, բարեկեցության, զարգացման համար: Ժողովրդավարությունը պիտի դառնա վերածննդի ու ապագայի շարժիչ ուժը: Ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին Հայաստանն իր նվիրվածությունը ևս մեկ անգամ ի ցույց դրեց 2021 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում», - նշեց Փաշինյանը:

Այստեղ, անշուշտ, հարկ է հիշեցնել, որ վարչապետի նշած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք բնակավայրերում առավելություն ունենալով՝ ընդդիմության ներկայացուցիչները այդպես էլ չկարողացան տեղերում իշխանություն ձևավորել՝ որոշ դեպքերում անգամ հայտնվելով ճաղերի հետևում։

«Անվտանգության ապահովումը մեր այսօրվա մեծագույն մարտահրավերն է և փորձը ցույց է տալիս, որ անվտանգության ապահովման ամենահուսալի միջոցը խաղաղությունն է», - հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Ուշագրավ է, որ խոսելով վերածննդի և խաղաղ ապագայի մասին՝ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հետ միաժամանակ նշեց սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացների մասին, որոնք «բազմաթիվ ռիսկեր են պարունակում, բայց և նաև բազմաթիվ հնարավորություններ»:

«Առանցքային խնդիր է մեր Զինված ուժերի՝ բանակի բարեփոխումը: Հայաստանը պիտի ունենա պրոֆեսիոնալ բանակ, ընդ որում, նաև կանանց ավելի ու ավելի շատ ներգրավմամբ: Ռազմավարական հեռանկարում ժամկետային զինծառայությունն էականորեն պիտի փոխվի, վերակերպվելով մարտական պատրաստականության պարտադիր հավաք-վարժանքների, որոնք կյանքի ընթացքում պիտի տեղի ունենան մի քանի անգամ, որոշակի պարբերականությամբ», - ընդգծեց նա:

«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումն Արցախի հայության իրավունքների լիարժեք պաշտպանությամբ՝ մեր ռազմավարական նպատակն է»,- հայտարարեց Հայաստանի ղեկավարը՝ նշելով. - «Միայն 2021 թվականին կառավարությունն ավելի քան 128 միլիարդ դրամի՝ 267 միլիոն դոլարի աջակցություն է ցուցաբերել Արցախին: 2022 թվականի բյուջեով արդեն Արցախին նախատեսում ենք հատկացնել ավելի քան 144 միլիարդ դրամ՝ 300 միլիոն դոլար»:

Եզրափակելով, թե բնավ չի ցանկանում «վարդագույն պատկեր» ստեղծել՝ Փաշինյանն ասաց, թե պատերազմի ցնցումը Հայաստանը դեռ տևական ժամանակ չի հաղթահարի, խոսեց քովիդի՝ շարունակվող համավարակի և «աննախադեպ գլոբալ գնաճի», որը «յուրաքանչյուրի տուն է մտել և քաղաքացիների մեծամասնությունն այսօր ավելի վատ է ապրում, քան 2020թ. մեկնարկին»:

Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ արեց փոխել Սահմանադրությունը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձում առանցքայինը, ըստ էության, երկրի Սահմանադրությունը փոխելու կոչն էր։

«Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը: Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար: Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները,
մեր ողջ ժողովուրդը կարողանան ազատորեն մաս կազմել և ծառայել Հայրենիքին: Սահմանադրության փոփոխությունը կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, պետական կառույցների հավասարակշռմանը, ավելի ճկուն ու փոխկապակցված, ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը», - հայտարարեց Արմեն Սարգսյանը:

Արցախի նախագահ. Մայր Հայաստանը հայ ազգի գլխավոր առանցքն է

«Արդեն երկրորդ տարին է, ինչ մեր ժողովուրդն Ամանորը դիմավորում է ծանր ու դժվարին պայմաններում», - ամանորյա իր ուղերձում նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ով, ի դեպ, միայն տեքստ է հրապարակել, և շարունակել. «Բայց, այդ ամենով հանդերձ, կա ևս մեկ իրականություն. դա ապրող ու վերականգնվող Արցախն է՝ շինհարթակ դարձած մեր բնակավայրերը, դա իր հողին կառչած, այն պահող ու շենացնող, մաքառող ու արարող հայն է, դա Մայր Հայաստանն է՝ հայ ազգի գլխավոր առանցքն ու արժեքը»:

Վեհափառը հորդորեց լինել միասնական

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը, ով 44-օրյա պատերազմից հետո երկու անգամ հրապարակավ պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը, երեկվա իր ամանորյա ուղերձով հորդորեց թոթափել անհանդուրժողության և ատելության չարիքը, լինել միասնական։

«Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր կյանքում», - նշեց կաթողիկոսը։

«Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերի հանդիման, հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ՝ չվերականգնենք վստահության մթնոլորտը», - ընդգծեց վեհափառը։