Հունվարին ռուս-ամերիկյան բանակցություններին ընդառաջ նախագահներ Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենան։ Երկու առաջնորդների հեռավար զրույցը նախատեսված է այսօր, հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Էմիլի Հորնին։
Լրատվամիջոցի համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի կունենա Կրեմլի ղեկավարի խնդրանքով։ Հորնի խոսքով՝ Բայդենը համաձայնել է, քանի որ «կարծում է, որ երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, առաջնորդների միջև ուղիղ երկխոսությունն այլընտրանք չունի» ։ Ամերիկացի պաշտոնյան միևնույն ժամանակ ընդգծել է, որ « Ուկրաինայի հարցով Բայդենի վարչակազմը շարունակում է ակտիվորեն խորհրդակցել եվրոպացի դաշնակիցների հետ»։
Մոսկվան Արեւմուտքից՝ մասնավորապես Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքից անվտանգության երաշխիքներ է պահանջում։ Փաստաթղթավորված այս պահանջները Ռուսաստանի իշխանություններն ուղարկել են ՆԱՏՕ-ին և Միացյալ Նահանգներին։ Տասնյակ հազարավոր զինվորականներ և զինտեխնիկա կուտակելով Ուկրաինայի հետ սահմաններին՝ Մոսկվան մասնավորապես պահանջում է մերժել Ուկրաինայի ու նախկին Խորհրդային Միության մյուս երկրների անդամակցությունը արևմտյան ռազմական դաշինքին։
ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են, որ Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ հետագա ոտնձգության դեպքում Մոսկվային աննախադեպ խիստ պատժամիջոցներ են սպասում։ Միաժամանակ, Բայդենի վարչակազմը հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամության մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայի շուրջ ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը չի հերքել հունվարի 10-ին Պուտինի հետ հանդիպելու հնարավորությունը