Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 5 գերեվարվածների

Ադրբեջանը Հունգարիայի միջնորդությամբ Հայաստանին է վերադարձրել նոյեմբերի 16-ի բախումների ժամանակ գերեվարված 5 հայ զինծառայողների։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների պետական հանձնաժողովը։

Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հաստատել է լուրը` հայտնելով հայրենիք վերադարձների տվյալները.

Սարգիս Աբրահամյան Արթուրի

Արման Խաչատրյան Վաչագանի

Վահե Աղաջանյան Սասունի

Սուրեն Խաչատրյան Լյովայի

Արամ Ավետյան Արտյոմի:

Ըստ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակի` նոյեմբերի 16-ի բախումներից հետո, ներառյալ վերոնշյալ անձինք, հայրենիք է վերադարձվել 26 ռազմագերի, ևս 6 ռազմագերու իր տարածքում գտնվելու մասին Ադրբեջանը տվյալներ է ներկայացրել Եվրադատարանին։

Նկատենք, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են 2012 թվականից Հայաստանի ԱԱԽ որոշմամբ` 2004 թվականին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջան արտահանձնումից հետո: