Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Գերմանիայում լույս տեսնող Welt թերթին տված հարցազրույցում «անընդունելի» է անվանել անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ներկայացրած պահանջը:
«Դեպի արևելք Եվրամիության և ՆԱՏՕ-ի ընդարձակումը դադարեցնելու և անվտանգության երաշխիքներ տրամադրելու Ռուսաստանի ներկայացրած պահանջները սոսկ ռուսական օրակարգից են և բացարձակապես անընդունելի են հատկապես Ուկրաինայի խնդրում», - ասել է Բորելը:
Նրա խոսքով՝ Մոսկվան այդ պահանջները ներկայացրել է գրավոր, ինչը նախկինում երբևէ չի եղել:
«Այդպես են անում միայն հաղթողները, ովքեր հայտարարում են, թե սրանք են իմ պահանջները», - ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը:
Բորելի պնդմամբ՝ կայանալիք բանակցություններում պետք է քննարկվեն ոչ միայն Ուկրաինայի հակամարտության կամ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման, այլև 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի ընդունումից ի վեր կատարված բոլոր խախտումները:
«Մենք համաձայն չենք արտաքին ասպարեզում Ռուսաստանի վարած քաղաքականության շատ հանգամանքների, ինչպես նաև այն դրվագներին, որոնք Ռուսաստանը ներքին խնդիր է համարում», - ասել է Ժոզեպ Բորելը:
Բացի այդ, նա քննադատել է Եվրոպայի անվտանգության հարցերն առանց Եվրամիության քննարկելու Ռուսաստանի մտադրությունը:
«Դա անհեթեթություն է, մենք նման բան չենք ընդունի», - ասել է Բորելը՝ նշելով, որ եվրոպական անվտանգությունը և դրա երաշխիքները խնդիր են, որ առնչվում է ոչ միայն Միացյալ Նահանգներին և Ռուսաստանին: