Լեհաստանի նախագահը վետո է դրել հեռարձակման օրենքում վիճահարույց փոփոխությունների վրա

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդա, արխիվ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վետո է դրել վիճահարույց օրենքի վրա, որը սահմանափակում է օտարերկրյա կապիտալի մասնակցությունը երկրի հեռուստա- և ռադիոալիքների հեռարձակմանը: Քննադատների համոզմամբ՝ նախագիծը նպատակ ունի լռեցնել TVN24 անկախ լրատվական ալիքը, որը վերահսկվում է ամերիկյան Discovery ընկերության կողմից։

Հեռարձակման մասին օրենքում փոփոխություններն առաջարկվել են իշխող պահպանողական «Իրավունք և արդարություն» կուսակցության կողմից և նպատակ ունեն կանխել եվրոպական տնտեսական տարածքից դուրս գտնվող ընկերությունների՝ լեհական մեդիա խմբերում վերահսկիչ փաթեթ ունենալը: Դեկտեմբերի 17-ին փոփոխությունները հաստատվել են խորհրդարանի կողմից։

Դուդան հայտարարել է, որ պաշտպանում է այդ սկզբունքը, սակայն օրենքը չպետք է վտանգի ենթարկի առկա ներդրումները կամ հակասի միջազգային պայմանագրերին։

Օրինագծի նախապատրաստումը և պատգամավորների կողմից դրա հաստատումը երկրում լայնածավալ բողոքի ցույցերի պատճառ դարձան՝ լրատվամիջոցների վրա հարձակումը դադարեցնելու և խոսքի ազատությունն ապահովելու պահանջով։