Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մտադիր է կոմպոզիտորի ծննդյան 120-ամյակին ընդառաջ հրատարակել ժամանակիցների հուշերը նրա մասին

Արամ Խաչատրյանի արձանը Երևանում

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն իրավամբ մեր մայրաքաղաքի ամենաշխույժ մշակութային կենտրոններից մեկն է, որը տարիներ շարունակ, համախմբելով մեր լավագույն արվեստագետներին, հանդես է գալիս շատ ուշագրավ նախաձեռնություններով՝ համերգներ, հանդիպումներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և այլն։

Հարկ նշել, որ ավարտվող 2021 թվականը բացառություն չէր թանգարանի համար, թեև, ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահար Արմինե Գրիգորյանը, շատ ծանր տարի էր. - «Բայց մենք տարվա սկզբից աշխատել ենք մեր հունով, ընդունել ենք այցելուներին։ Ի զարմանս ինձ, բավականին մեծաքանակ էին մեր այցելուները, հատկապես զբոսաշրջիկները։ Բայց ինձ համար շատ ուրախալի փաստ է այն, որ մեր հայրենակիցներն են սկսել է'լ ավելի հաճախ այցելել թանգարաններ, այդ թվում մեր թանգարանը։ Դա վերաբերում է իհարկե և' դպրոցներին, և' անհատներին, շատ ուրախալի է, որ գալիս են ընտանիքներով։ Դա, կարծում եմ, մեծ ձեռքբերում է։ Իհարկե, թանգարանի աշխատանքի շնորհիվ է, բայց նաև, կարծում եմ, հայաստանյան այցելուների մտածելակերպում ինչ-որ մի բան է փոխվել։ Այսինքն՝ փորձում են էլ ավելի թեքվել դեպի մեր մեծագույն արժեքները՝ ավելի լավ ճանաչելու համար»։

Արմինե Գրիգորյանը շատ կարևոր է համարում նաև տարվա ընթացքում իրականացրած բազմաթիվ կրթական նախագծերը, որոնց հարյուրավոր դպրոցականներ են մասնակցել։ Ինչ վերաբերում է անձամբ Արամ Խաչատրյանին վերաբերող նախագծերին, ապա թանգարանի տնօրենն առանձնացնում է «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» խորագրով անիմացիոն ֆիլմը, որը նկարահանվել է 4 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, և որի շնորհիվ թանգարանի այցելուներին ներկայացվում են մեծ կոմպոզիտորի ճամփորդությունների ընթացքում տեղ գտած հիշարժան և ուշագրավ պատմություններ։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը նաև հրատարակչական գործունեություն է ծավալում. - «2020 թվականին և 2021 թվականին երկու շատ կարևոր ժողովածուներ մենք հրատարակեցինք, նոտային ժողովածուներ։ Մեկը նվիրված էր «Մասկարադի» հոբելյանին, որը կրկին այս տարի մենք նշում ենք այդ հրաշալի ստեղծագործության ստեղծման 80-ամյակը։ Երկրորդը երկու դաշնամուրների համար գրված փոխադրումները Րաֆֆի Խարաջանյանի կողմից արված, որը նույնպես մենք հրատարակեցինք. դա Խաչատրյանի բալետներից ճանաչված հատվածներն են։ Հիմա մի շատ կարևոր նախագծի վրա ենք աշխատում։ Կարծում ենք, որ այն նամականիները, որոնք հրատարակվել են թանգարանի կողմից հայերեն և ռուսերեն լեզուներով, պետք է էլ ավելի տարածվեն, և դա պետք է անել թարգմանելով այլ լեզուների։ Եվ հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի գտնենք հովանավորներ, և այդ հրաշալի հրատարակությունները, որոնք բավականին մեծ պահանջարկ ունեն, կարողանանք թարգմանել անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, տարբեր լեզուներով։ Դա հնարավորություն կտա օտար հասարակությանը ծանոթանալ Խաչատրյանին որպես անձ»։

Թանգարանը նախապատրաստում է նաև Արամ Խաչատրյանի ժամանակակիցների հուշերը մեծ կոմպոզիտորի մասին։ Արմինե Գրիգորյանի խոսքով շատ մեծ նյութ է արդեն հավաքված , որը կհրատարակվի առաջին անգամ. - «Շատ հետաքրքիր է, որովհետև քանի որ Արամ Խաչատրյանը շփվել է իր դարաշրջանի ամենաճանաչված, ամենահայտնի մարդկանց հետ թե' արվեստի, թե' մշակույթի բնագավառ, թե' քաղաքական գործիչների հետ, որոնք նույնպես ձգտել են ծանոթանալ և շփվել մեր մեծ մաեստրոյի հետ, և կարծում եմ, շատ կարևոր է այդ ամենը տարածել։ Արդեն երկու հատորյակի նյութ հավաքվել է»։

Գրիգորյանն ասաց, որ Խաչատրյանի մասին հուշերը հրատարակության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու խնդրանքով դիմել են կառավարությունը. - «Սպասում ենք պատասխանի։ 2023 թվականին նշելու ենք մեծ մաեստրոյի 120-ամյա հոբելյանը, և շատ ուրախ կլինեի, եթե մինչ այդ կարողանայինք այս կարևորագույն մի քանի հրատարակությունը իրականություն դարձնել»։