Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչությունը «ահաբեկչության ակտ» է որակել Լվովում Ռուսաստանի հյուպատոսարանի շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» (դյուրավառ հեղուկով) շիշ նետելու դեպքը:
Նախարարությունը հրավիրել է Ռուսաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և պաշտոնապես բողոք է ներկայացրել ու պահանջել է, որ Ուկրաինան ներողություն հայցի և պատժի մեղավորներին: Ուկրաինայի ոստիկանությունը միջադեպը որակել է որպես «խուլիգանություն»:
Միջադեպը տեղի է ունեցել ռուս-ուկրաինական հարաբերությունների կտրուկ վատթարացման և Ուկրաինայի սահմանների մոտ մարտական պատրաստության վիճակում գտնվող շուրջ 100-հազարանոց ռուսական զորքի կուտակման պայմաններում:
Միացյալ Նահանգները և արևմտյան մյուս երկրները ենթադրում են, որ Ռուսաստանը կարող է Ուկրաինայի վրա հարձակվելու պատրվակ որոնել:
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ ռուսները նորանոր հրասայլեր, փոքր հեռահարության հրթիռներ և այլ տեխնիկա են տեղակայում Ուկրաինայի սահմանի մոտակայքում, ինչպես նաև բռնազավթված Ղրիմի թերակղզու տարածքում: