Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր հրապարակել է «Urbi et Orbi» («Քաղաքին և Աշխարհին») Սուրբ Ծննդյան ավանդական ուղերձը:
Ավանդույթի համաձայն, կաթոլիկ հովվապետն այն ընթերցել է Վատիկանում իր նստավայրի բաց պատշգամբից՝ դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին:
Ֆրանցիսկոս պապն ուղերձում նշել է, որ մարդկանց անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, որը սկսել է սահմանափակվել ավելի քան 5 միլիոն 300 հազար կյանք խլած կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
«Միջազգային մակարդակում էլ նկատվում է երկխոսությունից խուսափելու վտանգը, սակայն միայն երկխոսությունն է առճակատումները հաղթահարելու միակ ճիշտ ուղին»,- ասել է Հռոմի պապը:
Իր ուղերձում նա անդրադարձել է նաև Ուկրաինայի հակամարտությանը, նշելով, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել նոր բռնություններ թույլ չտալու համար:
«Քաղաքին և Աշխարհին» հասցեագրված սուրբծննդյան ուղերձում կաթոլիկ քահանայապետը նաև ասել է, որ «շատերը լռությամբ են արձագանքել պատերազմից ավերված Սիրիայում, Եմենում և Իրաքում սարսափելի ողբերգություններին»: