Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի նոր բանակցությունների, դրանց տեղի և ժամկետի վերաբերյալ որևէ համաձայնություն դեռ չկա:
Այդ մասին նախօրեին ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին, ով նաև արձագանքել է Վլադիմիր Պուտինի հնչեցրած պնդումներին, թե, իբր, Միացյալ Նահանգներն ու արևմտյան մյուս երկրներն են ռուս-ուկրաինական խնդրում հանդես գալիս որպես ագրեսորներ:
Երեկվա ասուլիսում Պուտինն Արևմուտքից պահանջել է «անվտանգության հարցում անհապաղ երաշխիքներ», ասելով, թե ՆԱՏՕ-ն է սրում իրավիճակը, ստորաբաժանումներ է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին, Միացյալ Նահանգներն էլ` զենք տրամադրում Ուկրաինային:
Պուտինի պնդմամբ, Արևմուտքը միշտ ցանկացել է թուլացնել և մասնատել Ռուսաստանը: Նա ակնարկել է, որ եթե Արևմուտքը չբավարարի անվտանգության երաշխիքներ տրամադրելու պահանջներն, ապա Ռուսաստանը կդիմի պատասխան կոշտ քայլերի, այդ թվում` ռազմական բնագավառում:
«Դե, փաստերը ծիծաղելի բան են, փաստն այն է, որ այսօր միակ բանը, որ տեսնում ենք՝ Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի բանակի կուտակումն է և Ռուսաստանի ղեկավարների ռազմաշունչ հռետորաբանություը»,- ասել է Սաքին:
Նրա խոսքով, երեկ Պուտինն իր մեծ ասուլիսում նշել է, թե հույս ունի, որ հարցը դիվանագիտական լուծում կստանա, քանի որ կան հունվարին բանակցելու հնարավորություններ:
«Մենք էլ ենք կարծում, որ դա է այս իրավիճակից ելք գտնելու միակ ճիշտ ուղին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը: