Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ և «ջերմորեն նրան շնորհավորել է ծննդյան 60-ամյակի կապակցությամբ»:
Զրուցակիցները վերահաստատել են ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման հանձնառությունը:
Ըստ Կրեմլի մամլո ծառայության, ավելի վաղ Պուտինն Ալիևին հոբելյանի առթիվ շնորհավորել է նաև հեռագրով, որում նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի լիդերի հետ բարեկամական հարաբերությունները և վերահաստատել է երկու պետությունների ռազմավարական գործընկերությունը զարգացնելու մտադրությունը:
Ըստ Ռուսաստանի նախագահի, «Ալիևը հայրենակիցների շրջանում և միջազգային ասպարեզում մեծ հեղինակություն է վաստակել որպես իմաստուն և փորձառու պետական գործիչ, ով ունակ է բարդ իրավիճակներում կայացնել կշռադատված հեռանկարային որոշումներ»:
«Գնահատում եմ մեր ընկերական հարաբերությունները, ուրախ կլինեմ շարունակել մեր կառուցողական և բովանդակալից երկխոսությունը և սերտ համատեղ աշխատանքը ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը և տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ամրապնդելու ուղղությամբ»,- ասվում է Ալիևին հասցեագրված Պուտինի ուղերձում: