Ռուսաստանը 2021-ին ևս շեղվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնարար սկզբունքներից․ ԱՄՆ զեկույց

Շվեյցարիա - Առևտրի համաշխարհային կազմնակերպության կենտրոնակայանը Ժնևում, արխիվ

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկել՝ ռուսական շուկաները բաց պահելու Միացյալ Նահանգների արտահանման համար։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը հրապարակված տարեկան զեկույցում, որը Կոնգրեսի համար պատրաստել է ԱՄՆ առևտրային բանակցող Քեթրին Թայի աշխատակազմը։

Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակում Մոսկվայի պարտավորությունների կատարմանը վերաբերող հարցերին նվիրված փաստաթղթի համաձայն՝ «վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանը շարունակել է շեղվել ԱՀԿ հիմնարար սկզբունքներից՝ խտրականության բացառում, ազատ առևտուր, կանխատեսելիություն, թափանցիկություն և արդար մրցակցություն»։

Ըստ ամերիկյան կողմի՝ «Ռուսաստանը սահմանափակումներ է պահպանում իր սահմաններում, միջոցներ է կիրառում երկրի ներսում առևտուրը զսպելու համար և արդյունաբերական քաղաքականություն է վարում, որը կարծես թե ուղղված է ներմուծման փոխարինմանը»։