Պուտինի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավվել է

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը բարելավել է ՌԴ զինված ուժերի խաղաղապահների ներկայության շնորհիվ», - այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ՌԴ նախագահը նշել է, որ ռուս խաղաղապահներն ավելի քան մեկ տարի է` Ղարաբաղում օգնում են կայունության պահպանմանը։ Նա շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող զինվորականներին պրոֆեսիոնալիզմի, տոկունության և հաստատակամության համար։

«Մեծ մասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, ականազերծվել են մի շարք շրջանների տարածքներ, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքները, պահպանվել են պատմական և մշակութային հուշարձանները»,- ասել է Պուտինը։