Երևանում ելույթ կունենա Լոնդոնի աշխարհահռչակ «Գոսփել»  երգչախումբը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում

Այսօր երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Երևանյան հեռանկարներ» 22-րդ միջազգային երաժշտական փառատոնը նախաամանորյա մի հրաշալի համերգ է նախապատրաստել մեր երաժշտասերների համար, որոնք առաջին անգամ Հայաստանում կարող են ունկնդրել Լոնդոնի աշխարհահռչակ «Գոսփել» երգչախմբի ամենահայտնի հիթերն ու սուրբծննդյան և ամանորյա երգերը։

«Դա մեր փառատոնի թվով տասներորդ համերգն է Համալիրում։ Միշտ փայլուն, հիշարժան համերգներ ենք էնտեղ արել։ Նախկինում այդ դահլիճում ելույթ են ունեցել Ջորջ Բենսընը, Լառա Ֆաբիանը, Պատրիսիա Կաասը, Պլասիդո Դոմինգոն, Գորան Բրեգովիչը։ Այդ նույն շարքի մեծ զարդերից է Լոնդոնի «Գոսփել» երգչախումբը։ Իրենք երգչախումբ են կոչվում, բայց դա կոնկրետ խումբ է, բենդ է, էստրադային ոճի համերգ է դա։ Մենք Հայաստան ենք բերում այն, ինչ նախկինում չի եղել, ինչը որ ամենաբարձրորակն է։ Կարելի է ասել, որ գոսփել ոճի երգեցողության ամենամեծ վարպետներն են, և դա շատ սիրված է մեր ժողովրդի կողմից, շատ երգեր կան, որոնք մարդիկ երգում են, բայց կոնկրետ ծագումը չեն պարզել իրենց համար։ Դա երևույթ է, որ կենդանի կլսենք իրենց։ Կարծում եմ, որ ամենաանմոռանալի երեկոներից մեկն է լինելու, թող ուրախ, լավ, դրական, պոզիտիվ նոտայով տարին ավարտվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց փառատոնի գործադիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանը։

Անդրադառնալով գալիք տարվա ծրագրերին՝ նա ասաց. - «Փառատոնը դա զուտ համերգներ չեն։ Իհարկե, մի մեծ բլոկ կա համերգային, բայց նաև կա զուգահեռ կրթական, կա մշակութային դիվանագիտության մի առանձին ոլորտ, որով մենք զբաղվում ենք և Հայաստան ենք բերում տուրիզմ, կարևոր անձինք և պատվավոր հյուրեր։ Դա ձևավորված ինստիտուտ է, որը որ երկրի տարբեր ոլորտներին է ծառայում, միայն մշակույթը չէ։ Մեր բազմաթիվ տարիների աշխատանքի արդյունքում մենք ստացանք Եվրոպական փառատոնային ասոցիացիայի համաձայնությունը գագաթնաժողովը Հայաստանում անցկացնելու՝ թվով յոթանասուններորդը, հոբելյանականը։ Դա շատ պատասխանատու է, և պատկերացրեք, եվրոպական քառասուն քաղաքների քաղաքապետերն են գալու, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարներ, մշակույթի նախարարներ։ Թվով չորս հարյուր հյուր, որոնցից հարյուրը ամենախոշոր փառատոների ղեկավարներն են։ Դա մեծ երևույթ է և մեր համար մեծ հարթակ գովազդի մեր մշակույթի, մեր արժեքների։ Հաջորդ տարի փառատոնը կսկսվի այդ գագաթնաժողովով, մայիսի առաջին շաբաթը։ Դա կոչվում է Փառատոնային ասոցիացիայի համաժողով և արվեստների միջազգային սամմիթ Եվրոպայի։ Միացյալ համագումար է, կարծում եմ, որ արդեն վերնագիրը և հյուրերի ցանկը իր մասին խոսում է»։

Համաժողովը տևելու է չորս օր. - «Մենք 2007 թվականին միացանք կառույցին որպես անդամ և 2014-ից արդեն սկսեցինք համարվել Եվրոպայի լավագույն փառատոներից մեկը։ Իրենք այդ տիտղոսը շնորհեցին, խոստովանեցին, որ «Երևանյան հեռանկարները» դա Եվրոպայի լավագույն տասնյակի մեջ է, որպես փառատոն։ Իսկ հաջորդ տարի մենք կհյուրընկալենք Դենիս Մացուևին, Հայաստան կգա Հաուզերը։ Սպասված պրոյեկտներ են դրանք, և շատ ուրախ եմ հայտարարել, երևի թե առիթ չենք ունեցել դրա մասին խոսելու։ Նաև նախորդ երկու տարիներին չկայացած, տեղափոխված մեր պրոյեկտներից ևս տեղի կունենան։ Հնարավոր է, վերադառնա Երևան Վլադիմիր Ֆեդոսեևը Ռուսաստանի մեծ սիմֆոնիկ նվագախմբով։ Աշխատում ենք ծրագրերի վրա, բայց դա լինելու է մեր չափանիշներով, մեր հերթական փայլուն սեզոններից մեկը՝ ի շահ և ուրախություն մեր երաժշտասեր հասարակության»