Այսօր Արևմտյան Ուկրաինայում գտնվող Գուտա ամառանոցային քաղաքում կայացել է Լեհաստանի, Լիտվայի և Ուկրաինայի նախագահների «Լյուբլինյան եռանկյունի» կոչվող ձևաչափում կազմակերպված առաջին հանդիպումը։
Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ` եռակողմ բանակցությունների գլխավոր թեման Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումն էր և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։
«Ուկրաինան և Ուկրաինայի նման մյուս երկրները ՆԱՏՕ-ին կանդամակցեն այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ում հասկանան, որ այդ քայլը ոչ թե այդ պետություններին է ուժեղացնում, այլ դաշինքը», - բանակցությունների ավարտին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Լեհաստանի նախագահի խոսքով` Արևելյան Եվրոպայի երկրները ակտիվորեն զբաղվում են Ուկրաինայի սահմանների երկայնքով ռուսական զորքերի կուտակման հարցով։
«Ցանկանում եմ նշել, որ մենք այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքականությունն այս ուղղությամբ կարող է անվտանգությանը միտված լուրջ հարթակ ստեղծել։ Այդպիսով մենք կարող ենք ռուսական ագրեսիայից պաշտպանել ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, այլև Ուկրաինան։
Մենք, սակայն, պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկենք։ Մենք պետք է պահանջենք, որ Ռուսաստանը լուրջ հետքայլ կատարի», - հայտարարում էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։