Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Երկու երկրների տնտեսական կապերի ընդլայնման մեծ ներուժ կա, ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի, նշել են երկու երկրների կառավարության ղեկավարները՝ շեշտելով՝ ջանքերը պետք է ուղղել՝ այն լավագույնս և արդյունավետ իրացնելու ուղղությամբ։

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մտքեր են փոխանակել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Փաշինյանն այսօր է ժամանել Վրաստան՝ մասնակցելու Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին։ Նիստի աշխատանքներին կմասնակցեն երկու երկրների կառավարությունների անդամները, ինչպես նաև համապատասխան մասնագիտացված գերատեսչությունների ղեկավարները։

Վերջին անգամ Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդիպել են հոկտեմբերի 9-ին՝ Երևանում, իսկ սեպտեմբերին Փաշինյանն էր պաշտոնական այցով Վրաստանում։ Հանդիպումներից օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել՝ նշելով՝ առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։