Անկարան դիտարկում է Թուրքիայի հետ օդային հաղորդակցություն հաստատելու Հայաստանի ցանկությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նա հիշեցրել է, որ ինչպես հայտնել էր Թուրքիայի Ազգային մեծ ժողովի իր ելույթում, երկու երկրների հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ է նշանակվելու, ինչը արվեց։
Արտգործնախարարը հավելել է, որ այդ հարցը այսօր քննարկել է իր ադրբեջանցի գործընկերոջ հետ, նաև շեշտել, որ Անկարան խորհրդակցություններ է անցկացնում և համատեղ որոշումներ է կայացնում Բաքվի հետ տարածաշրջանային, հատկապես Հարավային Կովկասի հարցերի շուրջ:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ պաշտոնական Երևանը և Անկարան հարաբերությունների կարգավորմանն ուղղված հստակ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն են հայտնում և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն: Հայաստանի ԱԳ նախարարությունը դրական է գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը:
Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: