Սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթացը, նախորդ հանձնաժողովի գործունեությունը կասեցվել է։

Այս նոր խորհրդի կազմում լինելու են արդարադատության նախարարը, որը նաև խորհուրդը կնախագահի, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, օմբուդսմենը, խորհրդարանական խմբակցություններից մեկական անդամ, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդի կազմից, առնվազն երկու անգամ ընտրություններին մասնակցած արտախորհրդարանական ուժերից 3 հոգի, ևս երեքն էլ՝ քաղհասարակությունից։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման համար Արդարադատության նախարարությունը մեկ ամիս ժամանակ ունի։ Այսինքն հունվարի 17-ին արդեն խորհրդի կազմը պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմին, այն հաստատելուց հետո, խորհուրդն իր հերթին կձևավորի քաղաքական ուղղվածություն չունեցող 5 գիտնական մասնագետներից կազմված հանձնաժողով, որոնք կզբաղվեն Սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակմամբ։

«Այսօրվանից սկսած 20-օրյա ժամկետում մրցույթի միջոցով պետք է Արդարադատության նախարարությունն ընտրի և՛ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին, և՛ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին: Հավանաբար երկուշաբթի այդ հայտարարությունն արդեն կտեղադրվի Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում: Թեկնածու կարող է առաջադրել, օրինակ, հասարակական կազմակերպության դեպքում այն հասարակական կազմակերպության կողմից, որը մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և մի շարք ոլորտներում, որոնք թվարկված են վարչապետի որոշմամբ, թեկնածու առաջադրելու պահին նախորդող 5 տարվա ընթացքում Հայաստանում գործունեություն է ծավալել», - ասաց Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Ի՞նչ հարցեր կլինեն սահմանադրական բարեփոխումների խորհրդի օրակարգում. «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրենն ասում է՝ այս ընթացքում նախարարությունում քննարկումներ են եղել և օրակարգային որոշ հարցեր արդեն պարզ են, օրինակ, մասնագետները կքննարկեն, թե պետական կառավարման որ ձևն է անհրաժեշտ Հայաստանին՝ խորհրդարանական, նախագահական, թե կիսանախագահական։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արդարադատության նախարարությունն առաջարկում է ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ

«Որոշ հարցեր դրվել են սեղանին. օրինակ՝ արդյոք փոխե՞լ կառավարման ձևը, թե՞ ոչ կամ՝ արդյոք միավորե՞լ բարձրագույն դատական ատյանները: Այս երկու հարցերն ամեն դեպքում կան, բայց, բնականաբար, մի շարք այլ հարցեր էլ կլինեն, որոնք արդեն խորհրդի որոշելիքն են լինելու: Կան Սահմանադրության մի շարք գլուխներ, որոնք կարող են փոխվել միայն հանրաքվեով, օրինակ, նույն կառավարման ձևը կամ դատական իշխանությանը վերաբերող դրույթները: Դրանք միայն հանրաքվեի միջոցով կարող են փոփոխվել, բայց եթե փոփոխությունները լինեն այնպիսին, որոնք չեն պահանջում հանրաքվեի իրականացում, հնարավոր է նաև, օրինակ, Ազգային ժողովը դա ընդունի, որովհետև նման լիազորություն Ազգային ժողովն ունի», - նշեց Դադունցը:

Այս տարվա մարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե հոկտեմբերին պետք է աշխատեն հանրաքվեով ընդունել նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ։

«Եվ ի վերջո կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի», - հայտարարել էր Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ընդդիմադիրները դեմ են կառավարման համակարգը փոխելու Փաշինյանի մտադրությանը


Վարչապետի սահմանած վերջնաժամկետը լրացավ, կառավարման համակարգի փոփոխության նախագիծ այդպես էլ չներկայացվեց։ Ընդ որում՝ ինքը Փաշինյանը իրարամերժ կարծիքներ է հայտնել կառավարման կիսանախագահական համակարգի վերաբերյալ. նախ 2019-ին դա համարել էր երկիրը ձախողման տարած համակարգ, հետո էլ այս տարեսկզբին չէր բացառել դրան նորից վերադառնալու հնարավորությունը։

Հայաստանը լիարժեք խորհրդարանական կառավարման անցավ ընդամենը 3 տարի առաջ՝ 2018-ին՝ համաձայն 15 թվականին փոխված Սահմանադրության։ Թե արդյոք անհրաժե՞շտ են կառավարման ձևի փոփոխությունն ու սահմանադրական այլ փոփոխությունները, սրանց պատասխանը բարեփոխումների խորհուրդը կտա։

Այս նոր ձևավորվող խորհրդի կազմում քաղհասարակությունից պատրաստվում է առաջադրվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նա նաև 2020-ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ էր։ Այս հանձնաժողովը, սակայն, կարճ կյանք ունեցավ, վարչապետի երեկվա որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեց։

«Մտադիր ենք առաջադրվել սահմանադրական բարեփոխումների այս նոր ձևավորվելիք խորհրդում, որպեսզի արդեն սկսված գործը շարունակենք: Այնտեղ մի շարք հարցեր կային, որոնք հենց «Իրազեկ քաղաքացիների միավորումն» էր փորձում առաջ տանել, սկսած ժողովրդավարության գործիքներից, ընտրվող մարմինների ընտրվելու մեխանիզմներից, նույնիսկ ընտրական տարիքը, թե ինչ տարիքից քաղաքացիները պետք է քվեարկելու իրավունքն ստանան, զինված ուժերի կառավարման հետ կապված հարցերից, զինված ուժերի սահմանադրական կարգավորումների հետ կապված հարցերից վերջացրած տարատեսակ հարցերով», - նշեց Իոաննիսյանը:

Քաղհասարակությունը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին տարիներ շարունակ է բարձրաձայնում։ Կարծում են՝ անկախ փոփոխությունների ծավալից ու բովանդակությունից, այն ամբողջությամբ պետք է հանրաքվեի դրվի։ Արդարադատության նախարարությունը ծրագրում է մինչև 2023 թվականի հունիսը Սահմանադրության փոփոխությունների նախագիծը ներկայացնել վարչապետի աշխատակազմին։