Երեք տարբեր ավտոմեքենաների մնացորդներից հավաքված օձունցի Սալդաթի փոխադրամիջոցը Լոռիում բոլորին է հայտնի ու կարող են հստակ բնութագրել՝ անասելի պինդ է, մեխանիկան՝ չփչացող, ներսն՝ ընդարձակ, անգամ ուտել-խմելուն հարմարեցված։
Սալդաթը հիշում է՝ առաջին անգամ իր ինքնաշեն «Լիմուզին»-ով Հայաստանի սահմանը հատելիս ոնց էր զարմացրել սահմանապահներին։ Աջուձախ լուսանկարել են, համակարգիչներին հարցումներ արել ու այդպես էլ չեն հավատացել, որ ձեռքի աշխատանք է։ Մի թղթի կտորի վրա գրել են, թե օձունցի Սամվել Չոբանյանը նվեր է ստացել պաշտոնավոր պապից։ Հիմա անեկդոտի նման պատմում է ու ասում, թե սահմանին այլևս հարցեր չեն տալիս. բոլորն են ճանաչում իր սպիտակ նժույգին։
«Վրաստանի տամոժնիում չէին թողնում անցնենք, ասին՝ ո՞ւմ ավտոն ա, ասի՝ պապս Միկոյանի գարաժի վարիչն էր, հավատացին, մետրը բերել, չափում էին, թվերը ստանդարտին համապատասխանում ա, վերջը մի կերպ թողեցին անցնենք: Սրանով, որ մի տեղ գնում եմ զապրավկի, հեռախոսը հանում են, սկսում նկարելը», - պատմեց նա:
16 տարեկան այս ավտոմեքենան մայրուղիներում տեսնելիս, հետ են քաշվում, ազդանշանով պարտադիր ողջունում ու ճանապարհ տալիս։ Սալդաթին ճանաչողներն են ասում, թե ոչ միայն Լոռիում, այլ անգամ Հայաստանում գրեթե վարորդ չկա, որ կյանքում գոնե մեկ անգամ օձունցի Սալդաթի դուռը գնացած չլինի՝ մեքենայի անսարքությունը վերացնելու։ Գիտեն՝ Սալդաթի ձեռքից ոչինչ չի պրծնի՝ ո՛չ շաբաթ ունի, ո՛չ կիրակի։
Բայց ձեռքի տակով շրջանի բոլոր ավտոմեքենաներն անցկացրած վարպետը կեսկատակ-կեսլուրջ ասում է, թե 50 տարվա արհեստով այդպես էլ չհարստացավ։ Աղքատ տարածաշրջանում չես հարստանա, ասում է ու պատմում՝ ինչպես են վարկով ձեռքբերած մեքենան սարքելու բերում, խնդրում մի ճար անի՝ տեղից շարժվի։ Այս դեպքում գործին գին դնելուն անուն է կպցնում ու թե՝ դժվարանում է մարդկանցից փող ուզել։
«Որտեղից ա դզող-փչողը հարստանում, լավ ընկերություն ա հետ գցում, լավ մթնոլորտում ապրում ա, սաղ իրան հարգում են, բայց չի հարստանում: Մի 10 ավտո ա գալիս կանգնում, գիտեն՝ փողերը լցվեց ստեղ, ասում են՝ էս մարդու գործը չի պակասում», - ասաց Սալդաթը:
Իսկ Սալդաթի արհեստանոց մտնողն առանց հյուրասիրության չի հեռանում։ Ձմռան օրերին վառարանը մշտապես թեժ է, կարմրացրած պլեճն էլ՝ անպակաս։
Օրվա վերջում ձմեռվա հազիվ տաքացնող արևի տակ նստում է իր երիտասարդ ընկերների հետ ու մատների վրա փորձում հաշիվ անել՝ անցած տասնամյակներում քանի-քանի աշակերտ է ունեցել, որ իր նման վարպետ են դարձել։
«Հայաստանի ամենաշատ դզող-փչողները երևի մեր ռայոնն ա տվել, ու սաղ Ռուսաստան, որ քաղաքը մտնես, մեր ռայոնից դզող-փչող կա, սաղ Սալդաթի աշակերտներն են եղել: Հասել են ռուսները ասել են՝ որտեղից ես, ասել եմ Օձունից եմ, Հայաստանից եմ, ասել են՝ Սալդաթին ճանաչո՞ւմ ես, ասել եմ, հա, դու ճանչո՞ւմ ես, ասում ա չեմ տեսել, բայց լսել եմ», - ասաց ընկերներից մեկը:
Բայց նաև ափսոսում է, որ վերջին տարիներին ավտոմեխանիկի մասնագիտությանը մատների արանքով են նայում։ Նախկինում առանձնակի ակնածանք կար վարպետների գործի հանդեպ։ Այսօր տեղից վերկացողն իրեն մասնագետ ու մետաղին դիպչելու իրավունք ունեցող է կարգում, ասում է 67-ամյա լոռեցին։
«Իմ արհեստավոր ընկերներից շատերը մահացել են, մեկս, օրինակ, չկարողանայիք էն մեկին ասեինք սարքի, հիմա էս նորերը իրար նախանձում են, որ էն մեկը գործ ա անում, ինքը գործ չունի», - նշեց Սալդաթը: