Թեև որևէ կանոնակարգով սահմանված չէ, բայց Ազգային ժողովի նախագահը երեկ միանձնյա որոշել էր «պատժել» լրագրողներին, իր կարծիքով՝ անվայելուչ կեցվածքի համար։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գնահատմամբ՝ նման քայլերով իշխանություններն անցնում են հնարավոր բոլոր կարմիր գծերը:
«Գոնե նվազագույն, գոնե մի փոքր նշույլ հեղափոխական գաղափար ունեցող ուժն այսպիսի վարքագիծ չի կարող դրսևորել», - ասաց իրավապաշտպանը:
Երեկ խորհրդարանում աշխատած լրագրողներն ահազանգեցին՝ միջանցքում աթոռներին նստած ու իրենց հեռախոսներով զբաղվող օպերատորների նստած դիրքը դուր չի եկել Ալեն Սիմոնյանին, զայրացել է, որ նրանք իրեն տեսնելիս չեն զգաստացել։ Սիմոնյանի հրահանգով միջանցքից աթոռները հեռացրել են՝ այդպես պատժելով լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
Միգուցե և ինչ-որ մեկը ոչ հարիր ձևով է նստել, կարելի էր պարզապես զրուցել նրանց հետ, այլ ոչ թե այսպիսի քայլի դիմել, շեշտում է իրավապաշտպանը. - «Աթոռները հավաքել. դա ի՞նչ պատժի ձև է, դա նման է գուլագային ինչ-որ բաների՝ դու քեզ խելոք չես պահում քեզ տանում ենք կարցեր, դե լավ եք պրծել, որ գոնե կարցեր չեն տարել ժուռնալիստներին»:
Երեկ տեղում գտնվող մի քանի լրագրողներ Ալեն Սիմոնյանի հրահանգից հետո ստիպված են եղել հատակին նստած աշխատել։ «Առավոտ»-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը պատմում է՝ փորձել են պարզաբանում ստանալ անձամբ Սիմոնյանից։ Վերջինս, ըստ «Առավոտ»-ի լրագրողի, ասել է՝ պետք է հարգել Ազգային ժողովի ինստիտուտը և իրեն կամ պատգամավորներին տեսնելիս ոտքի կանգնել։
«Շատ անակնկալ էր այդ պահանջը, մենք ասացինք՝ դա ուղղակի իրականացման ենթակա չէ: Եթե մի կողմ դնենք դրա վիճելի լինելը այդ պահանջի իրավական և բոլոր այլ տեսանկյուններից, պարզապես աշխատանքային իրավիճակը չենք պատկերացնում՝ ոնց կարող ենք մենք մեր նյութով տարված, րոպեն մեկ միջանցքներով պատգամավորներ են անցնում-դառնում, մենք պետք է մեր բան ու գործը թողած վեր կենանք կոմսոմոլի քարտուղարի պես ոտքի կանգնենք», - ասաց Ջեբեջյանը:
Աթոռներն իրենց տեղը վերադարձան արդեն երեկոյան։
Հիշեցնելով այս սեպտեմբերից խորհրդարանում լրատվամիջոցների տեղաշարժի աննախադեպ սահմանափակումները՝ լրագրողներն այժմ հեգնում են՝ միգուցե պետք է ԱԺ նախագահի մակարդակով նոր որոշում ընդունել՝ իրենցից պահանջելով ամեն անգամ խոնարհվել Սիմոնյանի և պատգամավորների առաջ՝ ի նշան ինստիտուտի հանդեպ հարգանքի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Վերջին ամիսներին լրատվամիջոցների նկատմամբ կիրառված նոր սահմանափակումները մտահոգիչ են. Աշոտ Մելիքյան«Չեմ բացառում, որ կարող է անգամ Ազգային ժողովի նախագահի որոշման մակարդակով լինի որոշում, որ այսուհետ լրագրողները Ազգային ժողովի միջանցքում որևէ պատգամավորի հանդիպելիս, եթե գլխարկով են, պետք է գլխարկն անմիջապես հանեն, պետք է գլուխը կախեն, գլխիկոր, չոքեչոք գուցե ավելի լավ է դիմավորեն Ազգային ժողովի պատգամավորներին», - նշեց լրագրողը:
Արդյոք ինչ-որ մեկի նստած դիրքի պատճառով պե՞տք է խոչընդոտվի լրագրողների աշխատանքը, ինչո՞ւ էր Ազգային ժողովի նախագահը դիմում պատժիչ գործողությունների՝ օպերատորների հետ պարզապես զրուցելու փոխարեն, հետաքրքրվեցինք Ալեն Սիմոնյանի խոսնակից: Ծովինար Խաչատրյանը նախ ոչ թե միջադեպ, այլ «տգեղ դիպված» որակեց տեղի ունեցածը, ասաց՝ առաջին անգամը չէ, որ Ալեն Սիմոնյանը նման տեսարանի է ականատես լինում։ Խաչատրյանը օպերատորների աթոռներին նստելու ձևը «անքաղաքավարի» բառով բնութագրեց:
«Իրականում արդեն եղածը չեմ կարող մեկնաբանել, թե հնարավոր էր ավելի մեղմ կամ ավելի այլ կեպ վարվել, որովհետև այն, ինչ եղել է եղել է», - նշեց Խաչատրյանը:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նկատում է՝ լրագրողներին պատժելիս Ալեն Սիմոնյանը ոչ մի վայրկյան չի հապաղել, իսկ այս գումարման Ազգային ժողովում պարբերաբար տեղի ունեցող ծեծկռտուքների, սեռական բնույթի հայհոյանքների համար որևէ մեկը մինչ օրս պատասխանատվության չի ենթարկվել։
«Ես ընդունում եմ, որ կարող է ինչ-որ իրավիճակ լինի, որը ցանկալի չլինի, հաճելի չլինի, այո, կարող է տարածքին, շենքին-շինությանը հարիր չլինի ինչ-որ ձևորվ նստելը, բայց դա առնվազն մի քիչ վիճելի հարց է «Իմ քայլի» պարագայում, որովհետև եթե իրենք կարողանում են ծեծկռտուք ու սեռական բնույթի հայհոյանք տարածել այդ շենքում, հետևաբար այդքան էլ արժեքավոր չի այդ տարածքն իրենց համար», - ընդգծեց Կարապետյանցը:
Պատգամավորների, նրանց օգնականների մասնակցությամբ խորհրդարանական ծեծկռուտքներն ու հայհոյանքներն են արժեզրկում խորհրդարանի ինստիտուտը, ոչ թե միջանցքում աթոռին նստած օպերատորները, եզրափակում է իրավապաշտպանը։