«Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ»․ Մարության

«Ռոբերտ Քոչարյանի հետ երբևէ որևէ պայմաններում չեմ հանդիպել, անգամ պատահաբար»,- երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով՝ «որպեսզի ձեզ չփորձեն մոլորեցնել, երեք կարևոր բան ունեմ ասելու»։

«Եթե գործից դուրս հանդիպումների ժամանակ ունենայի, կհանդիպեի երեխաներիս հետ))։ Որևէ կուսակցության հետ համագործակցելու ցանկություն և մտադրություն չունեմ», - մասնավորապես գրել է քաղաքապետը:

Երևանի ավագանու իշխող խմբակցությունը «քաղաքական ճգնաժամը լուծելու համար» քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել։ Բայց թե ինչպես է դրսևորվել այդ ճգնաժամը, ավագանու անդամները չեն բացատրում։ Երեկ նրանք ուշ երեկոյան վարչապետի հետ շուրջ երկու ժամ հանդիպում են ունեցել։

Հանդիպումից հետո խմբակցությունը հայտարարություն տարածեց՝ նշելով, թե 2018-ի Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանգրի» ընտրական ցուցակը գլխավորած Մարությանը մեկ տարի առաջ լքել է կուսակցությունը և դրանից հետո ծավալված «Հայաստանի ժողովրդավարության համար որոշիչ քաղաքական իրադարձությունների ժամանակ իր գործողություններով վերահաստատել է, որ կուսակցության և ավագանու իշխող խմբակցության հետ որևէ քաղաքական պատասխանատվություն չի կիսում»։

Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթացից օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղած» գեներալները» վերնագրով հոդված էր հրապարակել՝ նշելով, թե քաղաքապետը փոխել է ճամբարը, անգամ հանդիպում ունեցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

Մարությանի խոսնակն՝ արձագանքելով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր՝ «Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել»։