Մեղրիի հատվածում 45 կիլոմետրանոց երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար, շինարարությունը կտևի շուրջ երեք տարի, «Ազատության» հարցմանն ի պատասխան` հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ով Երևանը ներկայացնում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում:
Նա, սակայն, չհստակեցրեց, թե երբ է մեկնարկելու Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի շինարարությունը։
Հորադիզից դեպի Հայաստան ձգվող մոտ հարյուր կիլոմետրանոց երկաթգծի կառուցման աշխատանքները Ադրբեջանում սկսվել են այս փետրվարին՝ նախագահ Ալիևի մասնակցությամբ։ «Ադրբեջանական երկաթգիծ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովը չորս օր առաջ լրագրողներին հայտնել է, որ շինարարությունը կավարտեն 2023թ. առաջին եռամսյակում։
Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը։ Հայաստանի կառավարությունից ընդգծում են՝ երկաթուղին գործելու է սահմանային և մաքսային միջազգային կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով և երկրների ինքնիշխանության ներքո: Մհեր Գրիգորյանի խոսքով` «Հայաստանի տարածքում այս հարցերը կարգավորվելու են Հայաստանի օրենսդրությամբ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում վերագործարկելու են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը