Պետությունը պետք է հասկանա, որ դա էլիտար արվեստ է. Բարսեղ Թումանյան

Գաղտնիք չէ, որ երաժշտարվեստի բնագավառը Հայաստանում մշակույթի ոլորտում ամենազարգացած ասպարեզներից է։ Իսկ օպերային արվեստի բնագավառում մեր երգիչ-երգչուհիները վերջին տասնամյակներում շուրջ ձեռքբերումներ գրանցեցին ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլև եվրոպական մի շարք երկրներում։

Անվանի օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի համոզմամբ, դա ամենևին զարմանալի չէ։ «Մեկ պարզ պատասխան կա», - ասում է Բարսեղ Թումանյանը. - «այս ոլորտում ամեն ինչ կախված է անհատներից։ Ովքեր հենց նախաձեռնողներն են լինում հրավիրելու, կամ այն անհատները, ովքեր այսօր արդեն կայացել են աշխարհում։ Մեր ժամանակներում մեր սերունդը լավ ֆունդամենտալ գիտելիք էր ստանում, ունեինք հիանալի թատրոն, կազմակերպված ամուր երգացանկ։ Բայց, բարեբախտաբար, այդ ամենը չունեցավ իր հիմքերը, և մենք ունեցանք հիանալի 21-րդ դարի սերունդ, երեսուն հոգի մոտավորապես մենք ունենք միջազգային օպերային արտիստներ։ Դա ամենախոշոր մասշտաբի պետության արդյունք է»

«Ազատության» հարցին, թե ինչու ի վերջո նման արդյունքներ չգրանցվեցին անկախությունից հետո մշակույթի այլ բնագավաներում, Բարսեղ Թումանյանը պատասխանեց. - «Արժեքները փոխվեցին։ Արժեք դարձան ոչ թե մշակույթը, այլ ժամանցային մշակույթը։ Դրա համար եկան ղեկավարելու երիտասարդ տղաներ, որոնք ոչ թե մնայուն արվեստների կրող են եղել, այլ Կա-Վե-Էն-ի տղաներն էին։ Հետո սկսվեց արդեն շոու բիզնես հասկացությունը... Էս շոուները, ես ձեզ ասում եմ, շատ ժամանակավոր, ժամանցային են։ Այդ պատճառով այն արվեստը, որը մենք կանխագուշակում էինք, որը մենք ցանկանում էինք, որ լինի, դա չեղավ։ Ու դրա համար նախարարությունները, բաները հիմնականում շոու են անում, որ՝ տեսեք, մենք գործ ենք անում, սա արեցինք, նա արեցինք... իսկ ինչ ապագա կունենա էդ գործից հետո։ Հետևանքների մասին շատ քիչ մարդ կար, որ մտածում էին՝ ի՞նչ ենք քաղելու։ Եվ ունենք այն, ինչ որ այսօր ունենք, և դարձյալ ուզում ենք ինչ-որ մի բան անել ու արդեն փորձելով չգիտեմ ուր ենք հասնելու՝ եթե չլինի կոնցեպտուալ, կոնկրետ վերաբերմունք»։

Բարսեղ Թումանյանի համոզմամբ, այսօր մեր օպերային թատրոնն էլ չափազանց լուրջ աջակցության կարիք ունի պետության կողմից , առանց որի անհնար է լավ օպերային թատրոն ունենալ։

Իսկ մեր օպերային արվեստը, նրա կարծիքով, դեռ որոնումների մեջ է. - «Փնտրում է, ինքնաճանաչողության էտապում է»։

Դիտարկմանը, թե տարածված կարծիք կա, որ օպերային արվեստը պետք է մեծ ֆինանսական աջակցություն ունենա, Թումանյանն արձագանքեց. - «Եթե ես հիմա որևէ մեկին մեկ միլիոն դոլար տամ, ինքը ավելի լա՞վ կերգի կամ ավելի լավ կնվագի՞... Պետք չէ՞, որ մինչև այդ նրա գեղագիտական հայացքը, աշխարհահայացքը զարգանա, չէ՞ որ ժամանակ է պետք։ Ուրեմն՝ մեծ գումարները կապ չունեն։ Լուրջ վերաբերմունք է պետք, դրա հետ գումարն էլ կգա։ Մեծ գումարները, այո, դրանք պետք կգան, երբ արդեն դրա կարիքը կգա»։

Իսկ հարցին, թե ինչպիսին պետք է լինի պետության դերը, նա պատասխանեց. - «Պետությունը պետք է հասկանա, որ դա էլիտար արվեստ է, էլիտա նշանակում է քո պետության, պետականության դեմքը, ամենաբարձր որակը։ Ուրիշ ի՞նչ եք ուզում... դա թագավորական մշակույթ է։ Ում օպերան ամենալավն է, նրա երկիրն էլ ներկայանում է իր օպերային արվեստով, որովհետև կա և' գեղանկարչություն, և' ճարտարագիտություն, և' երգեցողություն, նվագախումբ և ամեն-ամեն ինչ կա էնտեղ, էնտեղ հենց ամբողջ այդ հարմոնիան է։ Պետության համար դա պետք է լինի համար առաջին խնդիրը բոլոր երկրներում։ Օրինակ, Լոնդոնում «Քովենթ գարդընի» ներկայացուցիչը, պատրոնը արքայազն Չարլզն է, Մեծ Թատրոնը ուղիղ պատկանում է Կրեմլին... բոլորն էլ եղել թագավորական թատրոններ, որովհետև թագավորներն են պատվիրել այդ երաժշտությունը, այդ ճոխությունը, այդ աստվածային արվեստը»։