Գերեվարվածների ընտանիքների սոցիալական աջակցությունը հաճախ շրջանցում է նրանց, ասում են` տարբեր պատճառներով

Ուղիղ մեկ տարի առաջ Խաչիկ Գրիգորյանը Բաքվի բանտից վերադարձվեց Հայաստան: Ասում է՝ հայրենադարձված գերիներից գիշերն ում զանգեք՝ արագ կպատասխանեն, չեն քնում:

«Արդեն մեկ տարի է, ինչ վերադարձել եմ, այդ օրվանից մինչև առ օրս, շատերի մոտ է այդ խնդիրը, ում էլ գիշերվա թեկուզ միլիոնին զանգեք` ինքը կպատասխանի հեռախոսին, որովհետև գրեթե ոչ մեկը համարյա չի քնում, որովհետև այնտեղի վախը, սթրեսը, ամեն ինչը, որը տանում էր չքնելուն, արդեն մենք երևի ադապտացվել ենք», - «Ազատությանը» պատմում է նա:

27-ամյա Խաչիկ Գրիգորյանը Բաքվի Կուրդահանի մեկուսարանում 34 օր է անցկացրել, գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո: Երկու ընկերների հետ ճանապարհվել էր Արցախ՝ եղբոր կողքին լինելու համար: Նախորդ օրը կամավոր առաջնագիծ մեկնած եղբորից զանգ էր ստացել, թե ջոկատով մնացել են շրջափակման մեջ: Գերեվարվել են հենց Բերձորի ճանապարհից. մեքենան անսպասելի շրջափակել են ադրբեջանցիները:

«Մենք իրենց հասկացրինք` իբր գնում ենք դիակ վերցնելու», - հիշում է նա:

Եղբորը շրջափակումից դուրս բերեցին, ինքն ամսից ավելի Բաքվի բանտում մնաց ու Հայաստան վերադարձվեց նախորդ տարվա դեկտեմբերի կեսին: Ոչ այն ժամանակ, երբ գերության մեջ էր, ոչ էլ հետո՝ այս մեկ տարվա ընթացքում, ընտանքիը որևէ աջակցություն պետությունից չի ստացել: Խաչիկը երկու անչափահաս փոքրիկ ունի, կնոջ հետ երրորդին են սպասում. «Պետական որևէ աջակցություն ո՛չ ստացել ենք, ո՛չ էլ տեսել ենք, բոլոր գերիներն էլ, ոչ մեկը չի ստացել»:

Կինը՝ Իրինան ասում է, լսել էին, որ գերեվարվածների ընտանքիներին 300 հազար դրամ են տալիս, սոցիալական որևէ ծառայությունում հստակ տեղեկություն չեն ստացել, Սոցապ նամակ են ուղարկել, մերժվել են, ընտանեկան նպաստի համար են դիմել, ո՛չ, լսել են. «Անգամ գնացել էինք, փարոսի համալ էինք դիմել, ասել էին` մինչև իր անձնագիրը չլինի, չենք կարող ընտանեկան նպաստ ձեզ տրամադրել: Ինքը գնաց Կիրովական, հետ եկավ, Երևանից Կիրովական են ուղարկում, էստեղ գնացինք, չի կարում էդ անձնագրի հարցը լուծի»:

Խաչիկ Գրիգորյանի անձնագիրը Բաքվում է մնացել, մեկ տարի է` նոր անձնագիր չի հաջողացնում ստանալ. «Դիմել եմ, որտեղ դիմել են` և՛ տեղամասային պասպորտստեղան, ասենք Էջմիածնին եմ դիմել, դիմել եմ 3-րդ մասի»:

Գերեվարված անձանց ընտանիքներին պետությունն ամսական 300 հազար դրամ է տրամադրում, կառավարությունն այսպիսի որոշում էր ընդունել պատերազմի ավարտից հետո: Ինչպե՞ս է որ գերիների ընտանիքներին չի հաջողվում օգտվել այդ ծրագրից. ամիսներ շարունակ Մարալ Նաջարյանի քույրը՝ Անին էր ահազանգում` հարյուր անգամ Սոցապնախարություն է դիմել ու մերժում ստացել, թե Մարալին այդ փողը չի հասնում:

Նախարարության ժողովրդագրության ու ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետի պարտականությունները կատարող Արտակ Հարությունյանը տեղեկացրեց՝ այս մարդիկ գումարը չեն ստացել, որովհետև չեն դիմել. «Անի Նաջարյան և Խաչիկ Գևորգյան չեն դիմել, դիմում են նախարարություն կայքէջերի միջոցով` erequest, սովորական` «Գրեք նամակ» բաժինն է մեր», - ասաց նա:

Կարո՞ղ են հիմա դիմել ու ստանալ գումարը գերեվարման ամիսների համար, հարցրինք վարչության պետին, ո՛չ ասաց, քանի որ տասն օր առաջ սպառվեց դիմում ներկայացնելու վերջնաժամկետը, գուցե երկարաձգվի, գուցե` ոչ:

Ի դեպ, այժմ ընդամենը 9 ընտանիք է ստանում այդ գումարը։ Գերիների ընտանիքների համար նախատեսված սոցիալական աջակցությունը շրջանցում է գերիների ընտանիքներին, չեն լսել նաև գերությունից վերադարձածների վերականգնմանն ուղղված որևէ նախագծի մասին:

27-ամյա Խաչիկը մինչև գերության մեջ հայտնվելը մատուցող էր աշխատում, հոգում ընտանիքի, անչափահաս երեխաների հոգսը: Այս անքնության պատճառով հիմա աշխատել չի կարող, փորձել է. «10 օր աշխատեցի ու էլի որ չէի քնում, սաղ նեռվային հողի վրա կռվեցի մենեջերի հետ, դուրս եկա»:

Նրա համար անվճար հոգեբանական բուժում բարերարներն են կազմակերպել, անքնության պատճառով նաև նյարդային է. «Շատ բաներ փոխվել են ինձ մոտ, շուտ նեռվայնանալը, շուտ բռնկվելը և այլն, ավելի վատ ա դա ինձ մոտ արտահայտվում: Ամենաշատը հենց քնի խնդիրն է, ու դրանից էլ կախված է մնացածը: Եթե կարողանամ նորմալ քնել, ինձ թվում է` կկարողանամ նաև ներվային համակարգի վրա մի փոքր ավելի հավասարակշիռ վիճակում գտնվել»:


Խաչիկին հունից հանում են իշխանական բարձր ամբիոններից վերջերս գերիների վերաբերյալ հնչող հայտարարությունները. «Ալեն Սիմոնյանն արտահայտվել էր, որ գերիներն իր համար գոյություն չունեն, գերիներն իր համար դասալիքներ են, ինքը արտահայտվել էր շատ գլոբալ կերպով: Դա կապ չունի` ով ոնց, ու նախ պետք է իմանալ` մարդը ինչ պայմաններում է գերի ընկել, նոր որոշենք` ինքը դասալիք է, թե չէ: Գրեթե բոլորը գերի են ընկել խուճապի մատնվելով: Ես չեմ պատկերացնում` մարդն իր հաճույքի համար գնա, գերի ընկնի»:

Հետաքննեք, որքան ուզում եք` հետաքննեք նրանց գերեվարման հանգամանքները Հայաստան վերադարձնելուց հետո, ասում է Խաչիկը:

Մեծամորում վարձակալած նրանց տանը աշխույժ աղմկում են երկու փոքրիկները, մի քանի թութակները, Իրինան գարնանը կծննդաբերի: Հույս ունի` մինչև այդ կկարողանան սոցիալական ծառայություններին համոզել ու 23 հազար դրամ նպաստ ստանալ: Խաչիկն ուզում է գիշերը քնել, առավոտյան արթնանալ ու գործի գնալ. «Ուզում եմ վերականգնվել, ուզում եմ անցնել աշխատանքի»: