Ադրբեջանը դեմ է արտահայտվել «Արևելյան գործընկերության» համաժողովի ամփոփիչ հռչակագրի՝ Բելառուսին վերաբերող կետին

Ադրբեջանը հրաժարվել է միանալ ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի՝ Բելառուսին վերաբերող կետին՝ հատուկ կարծիք ներկայացնելով։

Ըստ ադրբեջանական «Թրենդ» գործակալության` նախօրեին այս մասին համաժողովի մասնակիցներին է հայտնել ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Հռչակագրի 11-րդ կետով գագաթնաժողովի մասնակիցները իրենց ափսոսանքն էին հայտնում առ այն, որ Մինսկը հրաժարվել է մասնակցել «Արևելյան գործընկերության» հերթական հավաքի աշխատանքներին։

Բացի այդ, հռչակագրում նշված է, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել Բելառուսի քաղաքացիների, քաղաքացիական հասարակության և անկախ լրատվամիջոցների հետ։ Փաստաթղթի հեղինակները նաև դատապարտել են անօրինական ներգաղթյալներին որպես ԵՄ դեմ ազդեցության լծակ օգտագործելու՝ Մինսկի որդեգրած քաղաքականությունը։