Սեյրան Օհանյանը հրավիրվել է դատախազություն

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում այսօր Գլխավոր դատախազություն են ներկայացել Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը։

Գերատեսչությունից տեղեկացնում են՝ Պաշտպանության նախկին նախարարն ու նրա կինը հրավիրվել էին դատախազություն՝ ծանոթանալու իրենց վերաբերող գույքի ուսումնասիրություններին։

«Ես ներկայացել եմ դատախազություն, համապատասխան նյութեր եմ վերցրել՝ ուսումնասիրելու։ Իմ համար դեռևս չեմ ուսումնասիրել, հետաքրքիր էլ չի ուսումնասիրելը, որովհետև ես գտնում եմ, որ ես որևիցե մի անօրինականություն չեմ արել», - ասաց Օհանյանը՝ հավելելով, որ որևէ կասկած չունի, որ իր նկատմամբ ապօրինի հետապնդում է իրականացվում։

Գլխավոր դատախազությունը ծանուցուցագրեր էր հասցեագրել նաև Օհանյանի կնոջը, նրա հետ փոխկապակցված անձանց՝ Զարուհի Բադալյանին ու Ժան Պիեր Ֆովոյին։

Փաստերի ստուգման հարթակն ավելի վաղ պարզել էր, որ Զարուհի Բադալյանը Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է։ Փաստաթղթերով նրան է պատկանել Վահագնի թաղամասում գտնվող առանձնատներից մեկը։ Օհանյանի քենու դուստրը այդ առանձնատունն ու հողամասը տարիներ անց նվիրաբերել է Ֆրանսիայի քաղաքացի Ժան Պիեր Ֆովոյին։ Սեյրան Օհանյանը Վահագնի թաղամասում է բնակվում, բայց մեկ այլ առանձնատանը։ Նա ավելի վաղ Fip.am-ին ասել էր, թե տունը ընկերոջն է պատկանում։

Դեռ հայտնի չէ, թե դատարանն ինչ գույք է կալանքի տակ դրել. Պաշտպանության նախկին նախարարի ընտանիքի կողմից օգտագործվող առանձնատո՞ւնը, նրա քենու դստերը պատկանած առանձնատո՞ւնը, թե այլ գույք։ Ո'չ Սեյրան Օհանյանն, ո'չ էլ Գլխավոր դատախազությունն առայժմ մանրամասներ չեն ներկայացնում։

«Ես ունեմ այն, ինչը որ հայտարարագրել եմ», - այսօր պնդեց Օհանյանը։

Իսկ Սեյրան Օհանյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Կոտայքի մարզի Մրգաշեն համայքնում գտնվող 5 հողամաս է ներկայացված։ Նաև փաստացի իր կողմից տնօրինվող 1 հողամաս և շինություն Աջափնյակ վարչական շրջանում։ Կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի վերջին հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան։

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններով անցնում են նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։