Փաշինյանն ու Շառլ Միշելը կարևորել են երկխոսության շարունակությունը և ամրապնդումը

Բրյուսելում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Փաշինյանը, անդրադառնալով այսօր նախատեսված եռակողմ հանդիպմանն` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, կարևորել է երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը:

Նրանք արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը, հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև վաղը` դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին:

«Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման», - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Եվրոպական խորհրդի նախագահը շեշտել է Եվրամիության պատրաստակամությունը` էլ ավելի խորացնելու և ընդլայնելու գործակցությունը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների կյանքի կոչման գործում:

Ավելի վաղ Միշելը հանդիպել է Ադրբեջանի ղեկավարի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շառլ Միշելը և Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Իսկ ավելի ուշ նախատեսվում է Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում: