Հունվարից Ադրբեջանը Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացնի

Ադրբեջանցի զինվորականները Շուշիի մուտքի մոտ, 2020թ․

Հունվարից Ադրբեջանի կառավարությունը գործարկում է Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ կանոնավոր ուղևորափոխադրումներ։ Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ցամաքային տրանսպորտի պետական գործակալության հայտարարությունը։

Ուղևորափոխադրումները կիրականացվեն ավտոբուսներով, նախնական փուլում՝ շաբաթական երկու անգամ, հետագայում ավելի շատ, նշում է լրատվամիջոցը։

Ավելի վաղ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր դեպի Շուշի երկաթգծի կառուցման պլանների մասին։ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Ղուրբանովի խոսքով՝ այդ նախագիծը մշակվում է թուրքական Kaylon ընկերության հետ համատեղ։

44-օրյա պատերազմից հետո Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում Ադրբեջանի կառավարությունը կառուցել է Ֆիզուլիի օդանավակայանը։ Ըստ այդ երկրի պաշտոնական աղբյուրների, առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաև Զանգիլանի և Լաչինի շրջաններում։

Մասնավորապես, Զանգելանի օդանավակայանը Ադրբեջանի իշխանությունները ներկայացնում են որպես տրանսպորտային հանգույց, որը Հայաստանի հարավով «նախատեսված» ցամաքային ճանապարհով Ադրբեջանի հիմնական մասը կմիացնի Նախիջևանի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները բացեցին Ֆիզուլիի օդանավակայանը