Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած տորնադոյից հետո Կենտուկի (Քենթաքի) նահանգի մի շարք շրջաններ աղետի գոտի է հայտարարել։
Սպիտակ տան ղեկավարի որոշմամբ աղետից տուժածներին ուղղակի դաշնային օժանդակություն կցուցաբերվի, դրա հետևանքների վերացմանը կմասնակցեն նաև կենտրոնական իշխանության մարմինները։ Բացի այդ, դաշնային իշխանությունները ֆինանսական օժանդակություն կցուցաբերեն աղետի հետևանքով տուժած գործարարներին, ինչպես նաև փոխհատուցում կտրամադրեն չապահովագրված սեփականության վնասների դիմաց։
Ուրբաթ օրը տեղի ունեցած հուժկու տորնադոն ավերածություններ էր առաջացրել Կենտուկիի ութ օկրուգներում։ Նախնական տեղեկությունների համաձայն` տարերային աղետի հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել։ Նահանգային իշխանությունները, սակայն, չեն բացառում, որ որոնողական աշխատանքների ծավալմանը զուգահեռ զոհերի թիվը կարող է հատել 100-ի շեմը։