Ավելի քան ութ տասնյակ մարդիկ են զոհվել նախորդ երկու օրերին ԱՄՆ կենտրոնական և հարավային շրջաններում առնվազն 30 պտտահողմերի հետևանքով։
CNN-ի փոխանցմամբ՝ միայն Քենթաքի (Կենտուկի) նահանգում, ըստ նահանգապետի, զոհերի հնարավոր թիվը գերազանցում է յոթ տասնյակը։ Այս նահանգում տորնադոներն ավերել են մի գործարան, Իլինոյսում՝ էլեկտրոնային առևտրի խոշորագույն Amazon ընկերության պահեստը, Արքանզասում՝ ծերանոց։ Փոթորիկներից տուժել է ևս երեք նահանգ՝ Միսուրին, Թենեսին և Միսիսիպին։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը լրագրողներին ասել է, որ ուշադրությամբ հետևում է իրավիճակին, և տարերային աղետը որակել է որպես երկիրը պատուհասած պտտահողմերի «խոշորագույն պոռթկումներից մեկը»։ Նախագահը նահանգապետերին կոչ է արել անել հնարավորը՝ օգնություն ցուցաբերելու համար տուժածներին։
Բայդենը հայտնել է, որ կայցելի տարածաշրջան, երբ հանգամանքները թույլ տան։
Թվիթերում գրառմամբ ԱՄՆ նախագահը որպես «աներևակայելի ողբերգություն» է բնութագրել աղետի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։