Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնական Երևանին կոչ է անում «զերծ մնալ սադրանքներից»

Ադրբեջանի արտգործնախարարությունը այսօր տարածած հայտարարության մեջ պնդում է, որ վերջին օրերին Քելբաջարի ուղղությամբ նկատվող լարվածության պատճառը Երևանի կողմից ձեռնարկվող «սադրիչ գործողություններն» են։

«Հայաստանի ԱԳՆ կողմից Ադրբեջանին՝ այդ երկրի ինքնիշխան տարածքը խախտելու մեղադրանքները բացարձակապես անհիմն են։ Նման կեղծ մեղադրանքները կանխելու պատճառով է, որ Ադրբեջանը հանդես է գալիս երկու երկրների սահմանների դելիմիտացիայի վերաբերյալ բանակցությունների շուտափույթ մեկնարկի օգտին», - նշված է հայտարարության մեջ։

Կոչ անելով Երևանին զերծ մնալ նախահարձակ քայլերից՝ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշում է․ «Եթե Հայաստանն իրոք հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման օգտին, ապա պետք է իրական քայլեր ձեռնարկի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ վերջ տալով իմիտացիաներին։ Կոչ ենք անում հայկական կողմին հրաժարվել նպատակադրված լարվածության ստեղծմամբ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի խոչընդոտմանը և ամբողջությամբ կատարել եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունները», - նշված է Ադրբեջանի ԱԳՆ կողմից այսօր տարածած հայտարարության մեջ։