Գերմանիայի նորընտիր դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջին այցն է կատարել Բրյուսել, որտեղ այցելել է նաև ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։
Ըստ գերմանական աղբյուրների, Հյուսիս-ատլանտյան դաշինքի ղեկավար Յենս Ստոլտենբերիգի հետ քննարկումների հիմնական թեման կրկին Ուկրաինայի շուրջ ստեղծված կացությունն էր։
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին վերադառնալ դիվանագիտական դաշտ, նվազեցնել լարվածությունը և հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները համակարծիք են, որ Ռուսաստանի ցանկացած հարձակում Ուկրաինայի դեմ շատ բարձր գին կունենա և ծանր քաղաքական ու տնտեսական հետևանքների կհանգեցնի Ռուսաստանի համար։ Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների բանակցությունները, ինչպես նաև Գերմանիայի՝ «Նորմանդյան ֆորմատում» հարցի քաղաքական լուծումը գտնելուն ուղղված ջանքերը», - Օլաֆ Շոլցի հետ բանակցությունների ավարտին հայտարարում էր ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։