Պետք է սիրուն և ուժեղ լինեմ՝ ճնշվածներին օրինակ ծառայելու համար. կացնահարված կինը 5 տարի անց

Կացնով Թագուհի Մանսուրյանի վրա հարձակվել է նախկին ամուսինը, հրաշքով է ողջ մնացել: Ամենօրյա ծեծուջարդը չէր դադարել անգամ ամուսնալուծությունից հետո, ոստիկանության միջամտությունն ապարդյուն էր, հերթական հարձակումն ավարտվեց սպանությամբ։ Թագուհու մայրը՝ Կարինեն է իր կյանքով փրկել դստերը. կացնի հարվածներն ուղիղ գանգուղեղին ստանալով՝ տարեց կինը տեղում մահացել է:

«Ոսկորին է կպել {հայրիկի}, այսինքն` մինչև վերջ չի կպել, իսկ մայրիկինը հենց երկու անգամ գանգուղեղին է խփած: Ես նկարը տեսել եմ, գնացել եմ քննիչի մոտ, - պատմում է Թագուհին, - Ճիշտն ասած` չէի սպասում, որ ինքը այդ քայլին կգնա, բայց վախը կար, որովհետև ինքն անընդհատ... երբ մեր մեջ վեճ առաջացավ, ու ամեն անգամ մենք ոստիկանությունում էինք հայտնվում, վախը կար: Նաև հարկադիրում ինքը բազմիցս ասել է, որ սպանելու եմ, վերացնելու եմ, չեմ թողնելու երեխան իր երկու տարեկանը բոլորի»:

5 տարի է անցել սարսափ ֆիլմ հիշեցնող պատմությունից։ Նախկին ամուսինը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել, դեռ ճաղերի ետևում է: Մի օր դուրս կգա, բայց Թագուհին ասում է՝ էլ չի վախենում: Կացնահարված մարմինը դեռ ցավում է, բայց ավելի բարդ էր հաղթահարել հոգու, մտքի վրա դաջված՝ չերևացող սպիերը։

«Կացնի հետքերն են վզիս, գլխիս հատվածում, ձեռքի, փորի, մեջքի հատվածում», - ցույց է տալիս Թագուհին:

«Չեմ վախենում, բայց ասում եմ` եթե ինքն ինչ-որ սխալ քայլ կատարի, արդեն ես ավելի վատը կարող է կատարեմ, չնայած ես կարողանում եմ ինքս ինձ ղեկավարել, որովհետև այդ ժամանակ էլ ես էլ շատ էի ուզում վնաս տալ իրեն, բայց փորձել եմ ինձ պահել հանուն երեխայի, հանուն իմ կյանքի, որովհետև ես ուզում եմ ապրել: Նաև ունեմ երեխա, եթե ես հանցանք կատարեմ, ո՞վ է պահելու իմ երեխային»:

Ընտանեկան բռնության ենթարկված կինը հիմա սեփական գործն է հիմնել. շատ փոքրիկ, մի քանի մետրանոց սրահում գեղեցկացնում է կանանց` մատները, դեմքը հարդարում: Սկսում է հենց իրենից. ասում է՝ ես պետք է սիրուն ու ուժեղ լինեմ, որ լավ օրինակ ծառայեմ ճնշվածների համար:

Շատերի համար գեղեցկության սրահը հոգեբանի անկյուն է դարձել:

«Շատ կանայք վախենում են: Ես անգամ հաճախորդ էլ եմ ունեցել, որ ծեծը կերել է, կապտուկներով ինձ մոտ եղել է, ես ասել եմ` առհասարակ երբ տղամարդը ձեռք է բարձրացնում, կբարձրացնի մինչև վերջ, որովհետև սկզբում ես էլ մտածում էի` հա, ձեռք բարձրացրեց, կանցնի, էլ չի անի, բայց չէ, այդպես չի, շարունակաբար կրկնվում է»:

Պետությունը կնոջը չի պաշտպանում, Թագուհին սա պնդում է սեփական դառը փորձից. ոստիկանությունում մինչև ողբերգությունն էլ տեղյակ էին ամուսնու վայրագություններից, բայց չեն միջամտել. «Միշտ ինձ հարցրել են` մինչև վե՞րջ ես գնում, միգուցե փակենք, գնա: Ասում եմ` ի՞նչը փակեք, գնա»:

Սոցիալական աշխատողներն էլ երբեք չեն հետաքրքրվել՝ ինչպես է երեխան մեծանում ծեծուջարդի մթնոլորտում. «Մեր պետությունն անգամ երեխաներին չի օգնում, ինչի՞ մասին է խոսքը, կնոջն օգնեն: Բռնությունը եղավ իմ ընտանիքում, չէ՞, այդ նույն սոցաշխատողը երբևիցե մինչև դա, որ այդքան դիմել էինք, չի հաճախել իմ տուն, երբևիցե չի խոսել իմ ընտանիքի, ինձ հետ, իմանա` ես արդյոք նորմալ կին եմ: Միգուցե ես խմում եմ, հարբում եմ կամ երեխային եմ ծեծում, ծնողներ կան, որ երեխային ծեծում են: Կարող է երեխային ծեծեմ, նամանավանդ ես կարող եմ մերկ ատելությամբ երեխային ծեծել, որովհետև իր հայրը կյանքից զրկել է իմ ծնողին»:

Մնում է ինքնապաշտպանությունը, դա ողջ մնալու միակ ճանապարհն է, բայց դրա համար էլ պետք է պատասխան տաս ոստիկանության առաջ. «Իմ ամուսինը բողոքել էր, որ ես իրեն ճանկռել եմ, բռնություն եմ կիրառել, ինձ վրա հոդված էր դրված, այսինքն` դու իրավունք չունես քեզ պաշտպանելու, դու էլ ես հանցանք կատարում: Կողքից ոչ մի օգնության չեմ սպասում, որովհետև ես բազմիցս նաև դիմել եմ տարբեր տեղեր, այն ժամանակ Վովա Գասպարյանին էլ եմ գրել, ոչ մի օգնություն չեմ ստացել ոչ մի տեղից»:

Գեղեցկության սրահում այցելուներից լսած պատմություններից Թագուհին հասկացել է՝ շատ բան չի փոխել անգամ իր դեպքից հետո՝ վերջերս ընդունված Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը։

Թագուհու հետևությունը մեկն է. «Կինը մենակ է առհասարակ, ինքնուրույն պետք է որոշի»: Լուսանկարում նա ցույց է տալիս բռնության ենթարկված մարմնի մի հատվածը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցման կենտրոններից այս տարի օգտվել է բռնության ենթարկված 1134 անձ։ 38 կին և 58 երեխա ապաստարան է տեղափոխվել։ Բռնության ենթարկված 90 հոգի էլ ֆինանսական աջակցություն է ստացել խիստ անհրաժեշտ կարիքները հոգալու համար։

Ոստիկանության փոխանցմամբ` ընտանեկան բռնությունների և կնասպանության դեպքերն այս տարի նվազել են։ Եթե անցած տարի բռնության հետևանքով սպանված կանայք 5-ն էին, այս տարի այդ թիվը մեկով պակասել է։ Բռնության վերաբերյալ ահազանգերն էլ ոստիկանություն նախորդ տարվա 444-ից հասել են 364-ի։

Բռնության ենթարկված կանանց աջակցող ռեսուրս կենտրոնում, սակայն, վստահ են՝ ահազանգերը նվազել են ոչ թե բռնությունների պակասի, այլ օրենսդրական բացի հետևանքով։ Ուսումնասիրությունները պարզել են՝ իրավապահներն ահազանգերից հետո մեծ մասամբ սահմանափակվում են նախազգուշացմամբ, ինչը բռնարարի ձեռքերը շատ քիչ դեպքերում է կապում, կինն էլ վախենում է երկրորդ անգամ դիմել ոստիկաններին՝ համոզված լինելով՝ անհույս է, ավելին՝ չի բացառվում, որ հաշվեհարդար լինի։

Բռնության զոհ դարձած կանանց խնդիրներով զբաղվող հասարակական կառույցը սեփական վիճակագրությունն ու փաստերն ունի. այս տարվա 11 ամիսների ընթացքում օգնության 2658 զանգ են ստացել կանանցից, ինչը 7 անգամ ավելին է, քան գրանցվել է ոստիկանությունում։

Your browser doesn’t support HTML5

Ինքնապաշտպանությունը ողջ մնալու միակ ճանապարհն է մնում, բայց դրա համար էլ պետք է պատասխան տաս. բռնության ենթարկված կին