Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզում ներքաղաքական խնդիրներով բողոքի ակցիա իրականացնող և Վարդենիսից մայրաքաղաք տանող ճանապարհը փակած մի խումբ քաղաքացիներ, նախօրոք իմանալով, որ քիչ հետո այդ ճանապարհով անցնելու է սահմանին փոխհրաձգության հետևանքով վիրավորված զինծառայողին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխող մեքենան, զորամիավորման հրամանատարի տեղակալին հայտարարել են, թե խոչընդոտելու են այդ մեքենայի ընթացքը։ Այդ պատճառով մեքենան Երևան է հասել շրջանցող ճանապարհով, ինչի հետևանքով էապես ուշացել է զինծառայողին ժամանակին և անհրաժեշտ բուժօգնության ցուցաբերումը, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչությունն անթույլատրելի է համարում տեղի ունեցածը, նաև հիշեցնում, որ Զինված ուժերը դուրս են քաղաքականությունից և 24-ժամյա ռեժիմով իրականացնում են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործառույթը։
«Հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին բուժօգնություն տրամադրելու գործառույթին խոչընդոտելը դուրս է բարոյական բոլոր սահմաններից՝ անկախ որևէ պատճառաբանությունից», - շեշտում է Պաշտպանության նախարարությունը։
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հետ փոխհրաձգության հետևանքով , իինչպես արդեն հաղորդվել է, հայկական կողմն ունի հրազենային թեթև վիրավորում ստացած երկու զինծառայող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունը դադարել է, հայկական կողմն ունի երկու վիրավոր