Ծանր վիրավորանքն ապաքրեականացնելու՝ ընդդիմության նախագիծը Ազգային ժողովում չընդունվեց. իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց։
Նախորդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքի վերջին օրերին օրենք ընդունեց, որը քրեականացրեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով: Նախագիծն այն ժամանակ ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայհոյանքը` քրեորեն պատժելի. Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց նախագիծըՔննադատություններ հնչեցին թե՛ ընդդիմության, թե՛ իրավապաշտպան ու լրագրողական կազմակերպությունների կողմից։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, արձագանքելով երեկ իշխանության կողմից ապաքրեականացնելու նախագծին դեմ քվեարկելուն, ընդգծեց՝ օրենքն ակնհայտ հետընթաց է, վերանայման կարիք ունի, այլապես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել. - «Նախ և առաջ՝ տարբեր խմբերի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու առումով, այսինքն՝ այդ օրենսդրական փոփոխության մեջ ստեղծվեցին առանձին խմբեր, և դա դիսկրիմինացիոն մոտեցում էր, որոնք որ ավելի պաաշտպանված են, քան, ասենք, հասարական քաղաքացիները։ Այստեղ նշվում է, որ, օրինակ, պետական պաշտոնյաները իրենց գործունեության հետ կապված եթե վիրավորական արտահայտություններ իրենց հասցեին ստանան, ապա դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Եվ մի շարք այլ խմբեր, որոնք որ, չգիտես ինչու, պետք է ավելի պաշտպանված լինեն, քան հասարակ քաղաքացիները»։
Տեղական լրագրողական կազմակերպությունները, դժգոհելով այս օրենքից, հիշեցնում են, որ վիրավորանքը Հայաստանում ապաքրեականացվել էր դեռ 2010 թվականին։ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ այս օրենքը վտանգում է առհասարակ քննադատությունը և վնաս է հասցնում խոսքի ազատությանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Շատ դժվար է չափել՝ որ վիրավորանքն է ծանր, որը ծանր չէ»Օրենքը քննադատել է նաև հեղինակավոր Freedom House-ը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով անհապաղ դադարեցնել դրա կիրարկումը։ Ընդգծել էին, որ սա խորհրդանշում է ժողովրդավարական նորմերի, ներառյալ՝ խոսքի ազատության, ակնհայտ հետընթաց Հայաստանում։
Իշխանությունները, սակայն, պնդում են՝ օրենքը պետք է ուժի մեջ մնա ու կրի կանխարգելիչ բնույթ։
«Հայհոյանքը անընդունելի է, հայհոյանքի ազատությունը բացարձակապես ոչ մի կապ չունի խոսքի ազատության հետ», - ընդգծեց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ, իր հերթին, երեկ շեշտեց՝ հասարակության մեջ վիրավորանքը չպետք է տեղ ունենա, սակայն քննադատություն պե՛տք է լինի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Freedom House-ը ահազանգում է Հայաստանում ժողովրդավարության եւ խոսքի ազատության հետընթացի մասին«Պատգամավորներից մի քանիսը, իմ մոտ տպավորություն էր, որ ռեալ, լուրջ պայքարում են, օրինակ, Freedom House-ի հետ։ Սիրելի հայրենակիցներ, էդ կազմակերպությունները մեզանից շատ ավելի շատ բան գիտեն, շատ ավելի շատ երկրներ ուսումնասիրել են։ Հիմա, էս հարցի վերաբերյալ որ ասում են՝ սա հետընթաց է, էստեղ բանավիճելու բան չկա՝ ինքը հետընթաց է», - հայտարարեց Վարդևանյանը։
Քրեական օրենսգրքում ամիսներ առաջ ավելացված 137.1՝ ծանր վիրավորանք հասցնելու հոդվածով արդեն մոտ երկու տասնյակին հասնող քրեական գործեր են հարուցվել։ Դրանք հիմնականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին սոցիալական ցանցերում կատարված գրառումների փաստերով են, որոնցում, իրավապահների գնահատմամբ, վիրավորական արտահայտություններ կան։