«Սա դեռ լավ վիճակ է»,- ասում է երեքամյա Գուրգենի մայրը, մինչ երեխայի մոտ հազի հերթական, երկարատև նոպան է սկսվում։
Հիվանդանոց հասնելուց առաջ փոքրիկը բարձր ջերմություն և ցածր սատուրացիա է ունեցել, խեղդող հազն էլ օրերով չի դադարել։ 3 օր հիվանդանոցում թթվածին շնչելուց, հորմոններ ու կաթլիայիններ ստանալուց հետո, արդեն կարողանում է առանց խեղդվելու գոնե երեք բառ ասել։
Գուրգենից բացի, այս պահին «Արաբկիր» բժշկական համալիրում ևս 92 երեխա է բուժվում սուր շնչառական տարբեր վարակներից։ Նրանց մոտ հիմնականում վերին շնչուղիների բորբոքում և բրոնխիտ է ախտորոշվել։ Վերակենդանացման բաժանմունքում 9 երեխա է հոսպիտալացված, 5-ը՝ թոքաբորբով։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) տյալներով, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, սուր շնչառական վարակների թիվը գրեթե կրկնակի աճել է։ Դրանց ընթացքն առավել ծանր է լինում հատկապես երեխաների մոտ։ Երկրում այս պահին հոսպիտալացված 460 երեխաներից 373-ը մինչև 4 տարեկան են։ 23 երեխա էլ տարբեր հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում է։
«Այս պահին արձանագրվում է բարձր ակտիվություն Հայաստանի Հանրապետության տարածքում ինչպես ամբուլատոր, պոլիկլինիկական կազմակերպություններում դիմելիության, ստացիոնար դիմելիության, այնպես էլ շտապօգնության կանչերով։ Զրոյից չորս տարեկան երեխաների շրջանում շատ է դիմելիությունը, ակտիվությունը արձանագրվում է ի հաշիվ այդ խմբի երեխաների դիմելիության», - «Ազատության» հետ զրույցում ասում է ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը։
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը հիշեցնում է, որ Հայաստանում այս պահին շրջանառվող սուր շնչառական վարակներից, օրինակ, գրիպը, կարելի է հաղթահարել կամ գոնե թեթև տանել, եթե պատվաստվեն, անգամ երեխաները։ Սակայն, դա էլ ոչ բոլոր դեպքերում է արդյունավետ. տարածված մյուս վիրուսների, օրինակ, ադենովիրուսի դեմ պատվաստանյութ չկա, իսկ երեխաները հիմնականում հենց դրանով են վարակվում, բարդություններն էլ առաջացնում են բրոնխիտ, շնչառության դժվարություն, խեղդող հազ, բարձր ջերմություն, աչքերի ու ականջների բորբոքում, երբեմն նաև թոքաբորբ։
Գրիպից ու ադենովիրուսից բացի, այժմ Հայաստանում ևս 7-8 տեսակի վարակ է շրջանառվում։
Մանկաբույժն ասում է՝ պաշտպանելու կանոնները շատ պարզ են, ինքնաբուժումը՝ հակացուցված. - «Պատվաստվել, կերակրել կրծքով, այնուհետ լիարժեք կերակրել, որ տվյալ երեխան ստանա համարժեք քանակությամբ սպիտակուց, ածխաջուր, ճարպ, տարբեր տեսակի էլեմենտներ։ Նա լիարժեք կերակրվի, և այնուհետ նաև պահպանեն հիգիենայի կանոնները, երեխայի կոփումը, երեխայի ֆիզիկական ակտիվությունը։ Դա է այն, ինչը կարող է նպաստել նրան, որ երեխաները, թեկուզև հիվանդանան, նրանք հարաբերական հեշտ և առանց հետևանք տանեն այդ սուր շնչառական վարակները»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից փոխանցում են, որ քովիդով ու շնչառական մյուս վարակների պատճառով երեկ աշակերտների մինչև 12 տոկոսը դպրոց չի գնացել, շուրջ 10 դպրոց անցել է հեռավար կրթության։
Մանկական հիվանդանոցներում ազատ մահճակալներն արագ սպառվում են։ Թեև, ըստ մասնագետների, վիճակը դեռ կառավարելի է, բայց հորդորները մնում են նույնը՝ հետևել հակահամաճարակային կաննոներին։