Ամերիկան զինուժ չի տեղակայի Ուկրաինայում

Վլադիմիր Պուտինը, Վլադիմիր Զելենսկին և Ջո Բայդենը

«Պուտինն անմիջապես նկատել տվեց, որ հասկացավ ուղերձը»

Միացյալ Նահանգները մտադիր չէ ստորաբաժանումներ տեղակայել Ուկրաինայում և պաշտպանել այդ երկիրը ռուսների հնարավոր հարձակումից: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

«Դա չի քննարկվում, դա կախված կլինի նաև ՆԱՏՕ-ի մնացած երկրներից, սակայն բուն գաղափարը, որ Միացյալ Նահանգները միակողմանի եղանակով ուժ կիրառի և հակազդի Ուկրաինա ներխուժող Ռուսաստանին՝ այս պահին հավանական չէ», - ասել է Ամերիկայի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարը:

Դեկտեմբերի 7-ին հատուկ տեսակապով տեղի ունեցած Ջո Բայդեն-Վլադիմիր Պուտին բանակցություններում Ուկրաինան գերիշխող թեմաներից է եղել: Միացյալ Նահանգների նախագահը ռուսաստանցի պաշտոնակցին տեղեկացրել է, որ հարձակումն Ուկրաինայի վրա կհանգեցնի ծանրագույն պատժամիջոցների:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, արխիվ

«Պուտինի հետ հանդիպման ընթացքում ես շատ շիտակ էի, խուսափողական խոսք կամ անորոշ ակնարկներ չեն եղել, ես քաղաքավարի, բայց հստակ ասել եմ, որ եթե նա իսկապես ներխուժի Ուկրաինա՝ հետևանքները շատ խիստ կլինեն, շատ խիստ: Կսահմանվեն տնտեսական այնպիսի պատժամիջոցներ, որոնք ոչ միայն նախկինում չեն եղել, այլ նույնիսկ չեն քննարկվել: Նա ստացավ ուղերձը, նա անմիջապես նկատել տվեց, որ ամեն ինչ հասկացավ: Դրանից զատ մենք պետք է նաև ամրապնդենք ՆԱՏՕ-ի դիրքերն արևելյան ճակատում: Եվ ես ասացի նրան, որ մենք աջակցելու ենք նաև Ուկրաինայի պաշտպանունակության հզորացմանը»,- ասել է Բայդենը:

«ՆԱՏՕ-ի հետագա ընդարձակումը մեզ համար անընդունելի է»

Նրա ռուսաստանցի գործընկերը հաստատել է, որ Ուկրաինան բանակցություններում առանցքային թեմաներից մեկն էր:

«Մենք քննարկեցինք տարածաշրջանային հարցեր, հակամարտությունն Ուկրաինայի հարավարևելյան շրջանում, խոսեցինք մեզ համար շատ զգայուն խնդրի մասին: Նկատի ունեմ ուկրաինական թեմայի շահագործմամբ դեպի արևելք ընդարձակվելու ՆԱՏՕ-ի ձգտումը: Դա վճռական նշանակության հարց է Ռուսաստանի անվտանգության համար թե՛ միջնաժամկետ և թե՛ ռազմավարական կտրվածքով: Մենք նախազգուշացրել ենք մեր գործընկերներին, միշտ ասել ենք, որ ընդարձակումը մեզ համար անընդունելի է»,- ասել է Վլադիմիր Պուտինը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տեղի ունեցան ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության կտրուկ սրման ֆոնին

«Սա Ուկրաինայի հաղթանակն է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

Կիևում, թերևս, գիտակցում են, որ ՆԱՏՕ-ի երկրներն այսօրվա դրությամբ չեն ցանկանա զորք ուղարկել Ուկրաինա և ընդհանուր հաշվով գովեստով են խոսում Բայդեն-Պուտին բանակցությունների մասին:

«Կարծում եմ, Ուկրաինայի համար հաղթանակ է այն, որ Միացյալ Նահանգները մշտապես սատարում է մեր ինքնիշխանությանը և անկախությանը: Իսկ առավել կարևոր է նախագահ Ջո Բայդենի անձնական հստակ դիրքորոշումը և դերակատարությունն Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտության կարգավորման գործում, կարծում եմ, դա է ամենակարևոր հանգամանքը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Բայդենը զրուցելու է «Բուխարեստի 9-յակի» հետ

Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն այսօր զրուցելու է «Բուխարեստի 9-յակի» հետ: Այդ խմբում են ՆԱՏՕ-ի արևելյան սահմանի պետությունները՝ Ռումինիան, Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան, Չեխիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիան և Լիտվան:

Բայդենն «9-յակի» լիդերներին կներկայացնի Պուտինի հետ դեկտեմբերի 7-ի բանակցությունների արդյունքները: Բացի այդ, ԱՄՆ նախագահը զրուցելու է նաև Զելենսկու հետ: