Նախնական տեղեկություններով՝ դեկտեմբերի 10 -ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի հանդիպում տեղի կունենա։ Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով իշխանական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին, թե ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը տվյալ ֆորմատի վերաբերյալ, տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առիթ ենք ունեցել մի քանի անգամ ասել, որ «3+3» ձևաչափով կարող ենք հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ այդ հարթակներում, չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Այդ հարցը քննարկել ենք մեր գործընկերների, մասնավորապես ռուսաստանցի գործընկերների հետ և ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են այդ տեսակերտը: Եվ առաջիկա օրերին, եթե չեմ սխալվում, դեկտեմբերի 10 -ին «3+3» կամ «3+2» ֆորմատի նախանիստի ֆորմատի նման հանդիպում է տեղի ունենալու» , - ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը նիստին մասնակցելու է արտաքին գործերի փոխնախարարի մակարդակով՝ չհստակեցնելով, թե որ փոխնախարարն է ներկայացնելու Հայաստանի շահերը և որտեղ է անցկացվելու հանդիպումը։