Կրեմլը հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը կշարունակեն երկխոսությունը, չնայած այն հանգամանքին, որ նախօրեին տեսակապով տեղի ունեցած բանակցություններում առաջխաղացում չի եղել: Երկու ղեկավարների զրույցի առանցքային թեմաներից մեկն Ուկրաինան էր:
«Ուկրաինային շատ ժամանակ է հատկացվել, մեր նախագահը Միացյալ Նահանգների նախագահին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Կիևը չի կատարում «Մինսկյան համաձայնությամբ» ստանձնած պարտավորությունները, ուղղակի նենգադուլի է ենթարկում «Նորմանդյան ձևաչափով» բանակցություններում ձեռք բերված որոշումները»,- ասել է Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը:
Նրա փոխանցմամբ, Պուտինը և Բայդենը պայմանավորվել են շարունակել շփումները: Որևէ երրորդ երկրի տարածքում դեմ առ դեմ հանդիպելու հնարավորությանն անդրադարձ չի եղել, թեպետ երեկվա բանակցությունների նախապատրաստման երկու երկրների նախագահների օգնականներն այդ տարբերակը նույնպես քննարկել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տեղի ունեցան ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները՝ Ուկրաինայի շուրջ լարվածության կտրուկ սրման ֆոնին