88-ի երկրաշարժից հետո, մինչև Խորհրդային Միության փլուզումը կառուցված ու այդպես էլ բնակարանային ավան չդարձած կիսավեր շենքերի արանքով մի ցեխոտ ճանապարհ է տանում դեպի Շիրակացի թաղամաս։ Գյումրիի ծայրամասում գտնվող այս ավանի մասին քչերը գիտեն, մինչդեռ քանդված շինությունների հարևանությամբ պահպանված երեք շենքերում քսան ընտանիք է ապրում։
«Ղեկավարները էղել ա, որ մեր թաղի տեղը չեն գիտեցել», - ասում է թաղամասի բնակիչ Ալվինա Գրիգորյանը։ - «Ընտրությունների ժամանակ ես ստիպել եմ, բերել եմ թաղը, տեսել են, թե մենք որտեղ ենք ապրում»։
Քարտեզից դուրս ենք մնացել. այսպես է իրենց թաղամասը նկարագրում Ալվինա Գրիգորյանը. - «Էս թաղը ես կոչել եմ Ուղտավան, ուղտերի տեղ ա, անապատ։ Մենակ կարան ստեղ ուղտերը ապրեն... Չունենք տրանսպորտ, չունենք դպրոց, չունենք մանկապարտեզ, չունենք գազ»...
88-ի երկրաշարժից հետո խորհրդային իշխանությունները 80 տոկոսով ավերված Գյումրիի արվարձաններում լայնածավալ շինարարություն սկսեցին։ Կենտրոնական իշխանությունը երկու տարում 20 հազար բնակարան կառուցելու խոստում էր տվել, սակայն մասնագետները եզրակացրել էին, որ բուն Գյումրիի տարածքում վերակառուցումը ռիսկային է, քանի որ երկրաշարժից հետո լուրջ երկրաբանական ուսումնասիրությունների կարիք կա։
Այդ պատճառով էլ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը քաղաքից դուրս կառուցապատում սկսելու տարբերակն ընտրեց։ Բայց Միության փլուզումից հետո շինարարության մեծ մասը չշարունակվեց, ու կիսակառույց այս շինությունները տարիների ընթացքում թալանվեցին, ավերվեցին։
Աղետից 33 տարի անց մի քանի թաղամասեր պարզապես կիսակառույցների գերեզմաններ են հիշեցնում։
1984-ից մինչև անկախության առաջին տարիները Լենինականի շինվարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արտաշես Սարգսյանը հիշում է՝ «ուրվական» դարձած թաղամասերը 60-70 տոկոսով պատրաստ էին, և գումար ներդնելով անկախ Հայաստանի իշխանությունները կարող էին մոտ 6000 բնակարան ավարտին հասցնել. - «Ընդամենը 30, մաքսիմում 40 տոկոս աշխատանքներ իրականացնելու դեպքում շենքերը կդառնային բնակելի։ Եվ էդպես ձախողվեց։ Սկսվեց թալանը, ուղղակի գողացան ամբողջը, շենքերը դարձան լրիվ անօգտագործելի»։
Փորձառու շինարարի կարծիքով, թալանված ու կիսավեր թաղամասերը վերականգնել հիմա էլ հնարավոր է. - «Ես առաջարկում էի էդ թաղամասը վերականգնել։ Հնարավոր է վերականգնել։ Ես նշեցի 30-40 տոկոս, էսօր թող լինի 50 տոկոս ծախսատար։ Հիմքերը, պատերը կա , դրանց ամրացնելը մի դժվար բան չէ... Ուղղակի ցանկություն է պետք, մի քիչ գումարի ներդրում։ Ինձ թվում է, ամենալավը մասնավորին տալն է»։
Մինչդեռ Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մասնագետների եզրակացությունն է մատնացույց անում։ Օրինակ, «Մուշ 2» թաղամասում շինարարությունը շարունակելու համար կիսակառույցների հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դրանց վրա շենք կառուցել չի կարելի. - «Էդ բոլորը պետք է քանդվի։ Վերականգնելու, ամրացնելու մասին, մանավանդ վերգետնյա մասը... պետք չէ դրա մասին մտածել, որովհետև էդ շենքը երբ մենք տեսնում ենք կանգնած է, դրա մեջի արմատուրաները լրիվ հանված են։ Այսինքն՝ կարող է մի փոքր բան, և բոլորը փուլ գա։ Մուշ թաղամասում նույնիսկ բոլորը քանդվեցին, նորը կառուցվեց»։
Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է, թե 2005 թվականին, երբ հաստատվեց Գյումրիի նոր գլխավոր հատակակագիծը, նորակառույց թաղամասերի համար ժամանակին վերցված գյուղատնտեսական հողերի մի մասը վերադարձվեց մերձակա համայնքներին:
Ըստ Գասպարյանի, Գյումրիի հետագա զարգացումը հենց այդ կիսկառույցներով թաղամանսերում է լինելու. - «Երբ կառուցապատումը սկսվի, հիմնականում մեր քաղաքի զարգացումը մենք արդեն այդ ուղղության վրա ենք դնում, որովհետև մյուս տեղերը արդեն մենք զարգանալու հնարավորություն չունենք։ Քաղաքի տարածական պլանավորման զարգացումը էդ կողմ է գնում»։
Արդյո՞ք ավերակների տեղում նոր շենքեր կկառուցվեն։ Դժվար է ասել։ Ո'չ կառավարության, ո'չ քաղաքային իշխանության ծրագրերում դրանք չկան։ Մինչ այդ անավարտ Շիրակացի թաղամասում ապրողները դեռ հույս ունեն, որ մի օր իրենց էլ կհիշեն։