Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն անհամբերությամբ է սպասում տեսակապի միջոցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին։ Այս մասին ամերիկյան MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Կարին Ժան Պիեռը։
«Ակնհայտ է, որ հեռախոսազրույցը, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շատ կարևոր կլինի։ Առաջնորդների միջև երկխոսությանը այլնտրանք չկա», - ասել է նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վաղը կզրուցեն տեսակապի միջոցովՎաղը՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կխոսի պաշտպանված տեսակապի միջոցով։ Դա կլինի Բայդենի և Պուտինի առաջին շփումը հունիսին Ժնևում կայացած հանդիպումից հետո։
Այս անգամ էլ զրույցը տեղի կունենա Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Ինչպես ասված է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունում, առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հետ կապված տարբեր հարցեր. - «Նախագահ Բայդենը կընդգծի Միացյալ Նահանգների անհանգստությունը Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ, կհաստատի Միացյալ Նահանգների աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»։
Առաջիկա բանակցությունների վերաբերյալ որոշ մանրամասներ այսօր հայտնել է Կրեմլի խոսնակը։
«Նրանք կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված լարված իրավիճակը, ՆԱՏՕ-ի ուժերի առաջխաղացումը դեպի Ռուսաստանի հետ սահմանը, ինչպես նաև անվտանգության երաշխիքների մասին Պուտինի նախաձեռնությունը։ Բոլոր այս թեմաները քննարկվելու են», - ասել է Դմիտրի Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Պուտինի և Բայդենի համատեղ հայտարարություն չի նախատեսվում։
«Տեսակապի միջոցով բանակցությունները կսկսվեն Մոսկվային ժամանակով երեկոյան 6-ին և երկար կտևեն», - այսօր նշել է Պուտինի մամուլի քարտուղարը։
Բայդենը հայտարարել է, որ ակնկալում է շարունակական շփում Պուտինի հետ, և ընդգծել է, որ Միացյալ Նահանգների չի ընդունում Ռուսաստանի կողմից որևէ կարմիր գիծ Ուկրաինայի մասին խոսելիս։ «Սպիտակ տունը Կրեմլի ագրեսիվ նկրտումների զսպմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթ է նախապատրաստում», - շեշտել է նա։
Պուտինն ավելի վաղ ասել էր, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը կամ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Ուկրաինայի տարածքում կարմիր գծեր են Ռուսաստանի համար։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարում է, թե երկրի հետ սահմանին 94 հազար ռուս զինծառայող կա։
Մի շարք ամերիկյան և գերմանական լրատվամիջոցներ, հղում անելով հետախուզության աղբյուրներին, գրել են, որ հնարավոր է հունվար-փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժում իրականացնի Ուկրաինայի տարածք՝ Կիևում գործող իշխանություններին հեռացնելու կամ Ուկրաինայի տարածքը գրավելու նպատակով։
Հետախուզության նման տվյալների մասին շաբաթ օրը հայտնել էր նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Մոսկվայում նման պլանները հերքում են, պնդելով, թե Ռուսաստանն իրավունք ունի իր հայեցողությամբ զորքեր տեղակայել սեփական տարածքում։
Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ դեռ չգիտեն, թե ինչպիսին են Պուտինի մտադրությունները:
Անցած շաբաթ Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որտեղ հայտարարել է, թե Ռուսաստանին «լուրջ հետևանքներ են սպասում, եթե Մոսկվան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան «ցանկացած պահի» կարող է բախվել ծավալուն ճգնաժամի․ ՌԴ ԱԽ քարտուղարՉնայած անչափ լարված իրավիճակին, ռուս-ուկրաինական սահմանին ռուսական զորքերի կուտակումներին՝ ռուսաստանցի և ուկրաինացի փորձագետների մի զգալի մասը համարում է, որ պատերազմելու ծրագիր Պուտինը, այնուամենայնիվ, չունի։
Քաղաքագետ Ֆյոդոր Կրաշենիննիկովն ասում է, թե «երբ պատրաստվում են պատերազմի, այլ կերպ են իրենց պահում»։ 2014-ին, օրինակ, ոչ ոք չէր հրապարակում, թե Մոսկվան պատրաստվում է բռնակցել Ղրիմը, կամ հարձակվել Դոնբասի վրա։
«Պուտինն իհարկե չի ցանկանում գրավել Ուկրաինան ամբողջությամբ։ Նրան բոլորովին պետք չեն ո'չ Լվովը, ո'չ Կիևը։ Պարզապես այն պատճառով, որ դա հսկայական բնակչություն է, որն ակնհայտորեն հիացած չէ նման հեռանկարներով», - նշում է Կրաշենիննիկովը։
Պուտինի իրական նպատակը, ըստ նրա, ուկրաինական պետության կոլապսն է, ուկրաինական պետականության կործանումը, Ուկրաինայի ապակայունացումը, որպեսզի այն դադարի գոյություն ունենալ ներկայիս տեսքով։ Քաղաքագետի խոսքով, Մոսկվային այսօր «այլ Ուկրաինա է պետք». Մոսկվային եթե ոչ ենթարկվող, ապա Մոսկվայից առնվազն կախման մեջ գտնվող Ուկրաինա, որը համաձայն կլինի նույնիսկ ճանաչել Ղրիմը Ռուսաստանի կազմում։