Ծայրահեղ աջ հայացքներով հայտնի ֆրանսիացի գրող և մեկնաբան, 2022 թվականի ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունների մասնակցության հայտ ներկայացրած Էրիկ Զեմուրի առաջին նախընտրական հանրահավաքն ուղեկցվել է բախումներով։
Փարիզի արվարձաններից մեկում` Վիլպենտում կազմակերպված հանրահավաքին կրքերը թեժացել են դեռ մինչև դրա մեկնարկը, երբ նախագահության թեկնածուն ենթարկվել է հարձակման։ Ֆրանսիական աղբյուրների փոխանցմամբ, միջին տարիքի մի տղամարդ հարվածել է Զեմուրի գլխին, ոստիկանության փոխանցմամբ՝ նախկինում այդ անձը գտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Չնայած հարձակմանը՝ Էրիկ Զեմուրը Վիլպենտում հանդես է եկել ծրագրային ելույթով, որի ընթացքում արդեն մի շարք ձախ ակտիվիստներ փորձել են բողոքի ակցիա անցկացնել՝ թեկնածուին մեղադրելով ռասիստական հայացքների և այլատյացության համար։
Ակցիան, սակայն, տևել է ընդամենը մի քանի րոպե, դրա մասնակիցները ենթարկվել են Զեմուրի կողմնակիցների հարձակմանը: Ֆրանսիական ոստիկանության տվյալներով՝ այս միջադեպի հետևանքով էլ առնվազն 46 մարդ բերման է ենթարկվել։
Մի շարք սկանդալային հնչեղություն ստացած գրքերի հեղինակ Էրիկ Զեմուրը խոստանում է նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում ամբողջությամբ արգելել ներգաղթը Ֆրանսիա՝ «հասցնելով այն զրոյական մակարդակի»։
Վերջին սոցհարցումների համաձայն՝ Զեմուրը նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցնելու իրական շանս ունի, նրա օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 12-15 տոկոսը։