Քաղաքացիները՝ ՏԻՄ ընտրություններից իրենց ակնկալիքների մասին

Քաղաքային նոր իշխանություններ. ընտրողները տարբեր ակնկալիքներ ունեն իրենց նախընտրած թեկնածուներից. ոմանք կոմունալ անհարմարությունների մասին են բարձրաձայնում, որոշները համաճարակային իրավիճակի ավելի լավ հսկողություն են պահանջում, ոմանք էլ պարզապես փոփոխություն են ուզում:

«Այն, ինչ որ սկսել ենք, պետք է ավարտենք, քայլն արել ենք, պետք է վերջնական հասցնենք: Լավ օր էլ ենք տեսել, վատն էլ ենք տեսել, դժվարություններ էլ, բայց քանի որ ընտրել ենք, կամքը կայուն է: Հույսներս չենք կտրում», - ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը` հավելում. «Ես նոր փոփոխություն եմ ուզում: Ակնկալիքներս չի բավարարում: Մարդն ուզում է նորմալ ապրի, էդքան բան, ով որ լավ ապագա կցանկանա` նրան էլ կընտրենք»:

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Հայաստանի 36 համայնքներում:

«Ազատությունն» խոշոր համայնքներից Էջմիածնում օրվա առաջին կեսից ընտրողների փոքր հոսք նկատեց, սա արձանագել են նաև ընտրական հանձնաժողովների նախագահները։ Տեղամասերից մեկում, օրինակ, ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել էր շուրջ 1800 ընտրողներից 74-ը։

Դիտորդական առաքելություն իրականացնող «Անկախ դիտորդը» այս համայնքում քվեարկության գաղտնիության հետ կապված էական խախտումներ է արձանագրել։

Մասիսում արդեն հանձնաժողովի անդամները ակտիվության մասին էին խոսում, ընտրողներն էլ նշում՝ հաղթողը համայնքին պետք է վերաբերվի այնպես, ինչպես իր տանը։

Ինչ վերաբերում է դիտորդներին, նրանք Մասիսի տեղամասերից մեկում ուղորդումներ ու կուտակումներ են արձանագրել։

Մանրամասները` տեսանյութում.