Ադրբեջանի զինվորականները սպանել են 65-ամյա արցախցուն. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողներ Արցախում, արխիվ

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի 65-ամյա բնակչին, հայտնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը:

Արցախի ԱԱԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 65-ամյա արցախցին հայտնվել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ, նրան վերադարձնելու միջոցներ են ձեռնարկվում

«Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են», - ասված է տարածած հաղորդագրությունում։

Ըստ Արցախի ԱԱԾ-ի, դեպքի հանգամանքները արձանագրել են արցախյան կողմում տեղադրված տեսախցիկները: