Ադրբեջանի ագրեսիայից հետո իրավիճակը Ղարաբաղում և Հայաստանի ու Արդբեջանի սահմանին մնում է լարված, Ադրբեջանի զինված ուժերը մայիսից ներխուժել և շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը Ստոկհոլմում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում։
Արարատ Միրզոյանը պնդել է, որ Բաքուն ոտնահարում է վերջին պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները՝ բախումները դադարեցնելու, գերիներին ազատ արձակելու մասով։
«Որևէ բացատրություն չի կարող արդարացնել այս բռնի գործողությունները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը` հույս հայտնելով, որ անցած շաբաթ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնությունները պայմաններ կստեղծեն իրավիճակի դեէսկալացիայի համար։